ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Դերասան

24 հոկտեմբեր, 1929 - 26 սեպտեմբեր, 2013

Ծնվել է ՀՀ Ստեփանավան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան: 1949-51թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1954-91թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան: Եղել է հոգեբանական ռեալիզմի դպրոցի այն դերասաններից, որ հասել է ներքին կերպարանափոխման` առանց թատերական արտաքին ընդգծումների և զգացմունքների ակներև ցայտունացման: Կերտել է բազմաթիվ թատերական կերպարներ մի շարք ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Մելքոն), Միլլերի «Սալեմի վհուկները» (Ջոն Պրոկտոր), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ), «Օթելլո» (Յագո), «Ջոն արքա» (Ջոն արքա), «Լիր արքա» (Լիր), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Զիմզիմով), Մ.Բուլգակովի «Դոն Կիխոտ» (Դոն Կիխոտ), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» (Ադամյան), Ն.Զարյանի «Հացավան» (Մացակ Ավագյան), Է.դե Ֆիլիպպոյի «Սանիտայի թաղապետը» (Թաղապետ), Գ.Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ» (Արտաշես), Վ.Սարոյանի «Խաղողի այգին» (Գրիգոր) և այլն: Նկարահանվել է նաև մի շարք հայկական ֆիլմերում, որտեղ ստեղծել է ազգային տիպական կերպարներ` «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Տերն ու ծառան» (1962թ.), «Եռանկյունի» (1967թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Քաոս» (1973թ.), «Նահապետ» (1977թ.), «Ձորի Միրոն» (1980թ.), «Գիքորը» (1982թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.), «Խնձորի այգին» (1985թ.), «Որտեղ էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Ուրախ ավտոբուս» (2001թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Ես եմ» (2010թ.), «Մատենադարան» (1983-2002թթ, հեռուստաֆիլմ) և այլն: Նկարահանվել է նաև այլ կինոստուդիաներում` «Սոլյարիս» (1973թ.), «Հետաքննության հանձնաժողովը» (1978թ.) և այլն: Հանդես է եկել ասմունքով: Հյուրախաղերով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր: 1989-91թթ եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1991թ. մասնակցել է նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահական ընտրություններին` որպես նախագահի թեկնածու: 1991թ. հիմնադրել է Երևանի Համազգային թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է եղել: 1992թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1998-2005թթ եղել է ռեկտորը (2003թ-ից` պրոֆեսոր): 1991թ. գրել է «Վարագույրից այս կողմ», 2000թ.` «Ընդհատում», 2010թ.` «Մենք ու մերոնք...» գրքերը: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2001թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով, Արցախի «Մխիթար Գոշ» մեդալով: 2000թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2012թ.` «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: 2008թ-ից եղել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ: 1975թ., 1979թ. և 1988թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1972թ.` Հայաստանի, 1985թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Սոս Սարգսյանի անունով է կոչվել իր հիմնադրած Երևանի Համազգային թատրոնը, Ստեփանավանում կանգնեցվել է նրա հուշարձանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար