ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆ

Դերասան, հաղորդավար

Ծնվել է 1965թ. փետրվարի 14-ին, Երևանում: 1982թ. ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1987թ-ից խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1991-92թթ աշխատել է «Թատրոն 13»-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որտեղ «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի: 1992-97թթ բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում: 1994-97թթ աշխատել է Երևանի պետական Համազգային թատրոնում: Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ: 1994թ. հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատել է շուրջ 10 տարի: 2003թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակ` Ֆ.Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պինյոն) ներկայացման մեջ դերակատարման համար: 2007թ. արժանացել է «Արտիստ» թատերական մրցանակ` Ա.Չեխովի «Արջը» (Լոմով) և «Առաջարկություն» (Սմիռնով) ներկայացումների մեջ որպես գլխավոր դերի լավագույն կատարող: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` «Բարի գալուստ» (Ազատ), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Պաղդասար), «Ատամնաբույժն արևելյան» (Մարգար), «Շողոքորթն» (Արշակ), Ն.Գոգոլի «Ամուսնություն» (Ժևակին), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Միշա), Պ.Տուրրինիի «Առնետաորսը» (Տղա), Բրանդոյի «Չարլեի մորաքույրը» (Մորաքույր, Լենդրուշ), Ա.Նիկոլայիյի «Սեր մինչ ի մահ», Գ.Խանջյանի «Ինձնից պրծում չկա» (Վարդգես), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Մակբեթ), Գ.Սարգսյանի «Կարմիր կիրակիի զինվորը» (Զորավար Անդրանիկ), Ժ.Անանյանի «Մեր տան տերերը» (Հայրո), Ռ.Կունիի «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» (Վարչապետի տեղակալ) և այլն: 2000թ-ից նկարահանվել է հեռուստաթատրոնում` «Անթրապոլոգիա», «Welcome papa», «Անառակ որդու վերադարձը» և հայ-ամերիկյան «Այստեղ» ֆիլմերում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կրկնօրինակել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր: Նկարահանվել է հեռուստասերիալներում` «Դժբախտ երջանկություն», «Ներիր ինձ», «Սադրանք», «Վեր կաց ու քայլիր»: 2011-12թթ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Ռետրո 22:30» երաժշտական հաղորդումը: Որպես ժյուրիի անդամ հանդես է եկել մի շարք նախագծերում: 2010թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար