ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1939թ. հունվարի 27-ին, Բեյրութում: Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի եղբայրն է: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1950թ-ից հաստատվել է Երևանում: 1956-60թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի Էդուարդ Բաղդասարյանի, 1960-65թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի կոմպոզիցիայի դասարաններում: 1967թ. ավարտել է նաև ասպիրանտուրան և նույն թվականից ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում (1986թ-ից՝ պրոֆեսոր): Արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին մրցանակին (1966թ., 1968թ.): Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների: Կոմպոզիտորի երաժշտական լեզվում առանձնակի նշանակություն է ձեռք բերում գեղագիտական նոր հիմքի վրա կոմիտասյան սկզբունքննրի վերածնունդը (երաժշտական բանվածքի տարածական կազմակերպում, առանձին հնչյունների իմաստային ընդգծում), ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով: Եղել է տարածաշրջանի ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկը և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարները (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, վեբեռնիզմ, դոդեկաֆոնիզմ) ներմուծել է Հայաստան: Գրել է սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Պարտիտ» (1965թ.), «Պրելյուդներ» (1975թ.), «Գիշերային երաժշտություն» (1980թ.), լարային կվարտետ «Ինտերիեր» (1972թ.), կոնցերտ երգեհոնի և լարային նվագախմբի համար (1964թ.), թավջութակի և նվագախմբի համար (1976թ., 1981թ., 1983թ.), ջութակի և լարային նվագախմբի համար (1981թ.), ալտի և կամերային նվագախմբի համար (1995թ.), «Արվեստ քերթության» երգչախմբի համար (խոսք՝ Ե.Չարենցի, 1997-99թթ), «Ֆանտազիա» դաշնամուրի և նվագախմբի համար (2003թ.), կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979թ.), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985թ.), սոնատներ, վոկալ-կամերային մադիիգալների շարք (ձայնի և տրիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ն.Շնորհալու, 1999թ.), վոկալ շարքեր՝ «Ռոմանսներ Գարսիա Լորկայի խոսքերով» (1966թ.), «Տետր ողբագին տաղերգության» (1966թ.), «4 հայրեն Նահապետ Քուչակից» (1967թ.), «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Հ.Սահյանի, 1983թ.), «Երկիի Նաիրի» (խոսք՝ Վ.Տերյանի, 1984թ.), «Գարնան երգեր» (խոսք՝ Հ.Թումանյանի, 1993թ.), «Ռեքվիեմ» սոպրանոյի, բարիտոնի և նվագախմբի համար (2011թ.), խմբերգեր՝ «Երեք ասացված Կոմիտասի հիշատակին» (1969թ.), «Ձյունե թագուհին» (ըստ Հ.Անդերսենի, 1988թ., բեմադրվել է 1990թ.) բալետը, երաժշտություն դրամատիկական ներկայացումների համար («Մհերի դուռ», «Ծիրանի ծառ», «Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» և այլն):
  
Գրել է ֆիլմերի համար բազմաթիվ երաժշտություններ` «Նռան գույնը» (1968թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Վերադարձ» (1972թ.), «Սգավոր ձյունը» (1978թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Գիքոր» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.) և այլն: Նրա կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվել Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Նյու Յորքում, Վարշավայում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում: 1992-95թթ եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը: 2006թ. դարձել է ՀՀ «Վահան Թեքեյան» մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր: 1993թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ա.Խաչատրյանի անվան մրցանակով, 1996թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2004թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով: 1981թ., 1985թ. և 2013թ. («Ռեքվիեմ») արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1984թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1990թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2011թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի:

 

  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար