ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1987թ. հուլիսի 17-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Երեք տարեկան հասակից սկսել է հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության հանդեպ: Յոթ տարեկանում ընդունվել է երաժշտական դպրոց: 1997թ. տեղափոխվել է Երևան և լրջորեն սկսել է զբաղվել ջազով: 2000թ. կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազ փառատոնի ժամանակ դաշնակահարի կատարումը լսել է ֆրանսիացի ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանը, ով հաջորդ տարի նրան հրավիրել է Ֆրանսիա` միանգամից մեծահասակների մի քանի փառատոների մասնակցելու համար: Ելույթ է ունեցել միջազգային խոշորագույն փառատոների ժամանակ և արժանացել հաղթանակների ու հեղինակավոր մրցանակների: 2003թ. տեղափոխվել է Լոս Անջելես: 2006թ. ֆրանսիական «Նոկտյուրն ռեքորդս» ձայնագրման ընկերությունը թողարկել է երաժշտի առաջին՝ «World Passion» ձայնասկավառակը: Նույն թվականին Հերբի Հանքոքի գլխավորությամբ մասնակցել է Թելոնիուս Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթին և արժանացել առաջին մրցանակին, ապա ելույթ է ունեցել ԱՄՆ Սպիտակ տանը, որտեղ մրցույթի հաղթողին և մասնակիցներին պատվել են ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն ու նրա տիկինը, իսկ մրցանակը հանձնել ԱՄՆ-ի պետքարտուղար Մադլեն Օլբրայթը: 2013թ. հաղթող է ճանաչվել «Vilcek Prize Creative Promise in Contemporary Music» մրցույթում: Թողարկել է նաև «New Era» (2008թ.), «Red hail» (2009թ.), «A Fable» (2011թ.) ձայնասկավառակները: Վերջինս վաճառվել է տպավորիչ միավորով`30.000 և ստացել է Ֆրանսիական Գրեմմի մրցանակ: Նվագել և ելույթներ է ունեցել իր խմբի և ջազի համաշխարհային աստղերի հետ: 2015թ. նախաձեռնել է «Լույս ի լուսո» երաժշտական նախագիծը (100 համերգ-100 եկեղեցիներում)՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյա տարելիցին: Նախագծի շրջանակներում Երևանի պետական կամերային երգչախմբի հետ կատարել է 5-19-րդ դարերի հայ հոգևոր երաժշտություն, Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Խաչատուր Տարոնեցու, Մակար Եկմալյանի և Կոմիտասի երկերից: Նույն թվականին թողարկել «Ծաղրարմատ» սկավառակը, որը տարբերվում է իր մնացած ալբոմներից, այստեղ շատ են երաժշտի կյանքին վերաբերող պատմություններ՝ «Յասամանը» (մանկության տան բակի յասամանի մասին), «Երգ Մելանին և Ռաֆիկին» (տատին ու պապին է նվիրված), «Կարս» (արմատների մասին) և այլն: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: 2016թ. «ECHO Jazz Awards» միջազգային մրցույթում ճանաչվել է տարվա լավագույն միջազգային գործիքավորող՝ իր «Mockroot» ալբոմի համար:

 

  

 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար