ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1985թ. ապրիլի 5-ին, Երևանում: Դաշնակահար Լուսինե Խաչատրյանի եղբայրն է: Ջութակ նվագել սկսել է վեց տարեկան հասակից: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում: 1993թ. տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ուսումը շարունակել է Վուրցբուրգ քաղաքում` պրոֆեսոր Գ.Ժիսլինի դասարանում: 9 տարեկանում առաջին անգամ որպես մենակատար հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբի հետ: 1996թ-ից սովորել է Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում՝ Յոզեֆ Րիսսինի ղեկավարությամբ: Վաղ տարիքից մենահամերգներով և սիմֆոնիկ նվագախմբերի հետ որպես մենակատար հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում: 15 տարեկանում դարձել է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաև ստացել «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը: Մասնակցել է բազմաթիվ երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել առաջատար մրցանակների` Ֆ.Կրեյսլերի անվան մրցույթի 1-ին մրցանակ (2000թ.), Լ.Շպորի անվան ջութակահարների միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (2000թ.), Պ.Սարասատեի անվան ջութակահարների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ (), Ինդիանապոլիսի միջազգային երաժշտական մրցույթի 2-րդ մրցանակ (2002թ.) և այլն: 2005թ. Բելգիայի Եղիսաբեթի թագուհի անվան երաժշտական մրցույթում արժանացել է առաջին` Թագուհու մրցանակին և 4 տարով ստացել է Ստրադիվարիուսի 1704թ. պատրաստած «Հագգինս» ջութակը նվագելու իրավունքը:
  
Ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր նվագախմբերի հետ, ներառյալ Բիրմինգհամյան սիմֆոնիկ, BBC ֆիլհարմոնիկ և մշտական համագործակցությամբ՝ Ֆիլհարմոնիա նվագախմբերի հետ նաև Տոկիոյի NHK Symphony, Թագավորական Կոնցերտգեբաու, Ֆրանսիայի ազգային, Ֆրանկֆուրտի ռադիո-սիմֆոնիկ, Բալտիմորի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բամբերգի սիմֆոնիկ, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Շվեդիայի ռադիո-սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի նվագախմբերի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Ամստերդամի սիմֆոնիետայի, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Փարիզի սիմֆոնիկ, Սիեթլի սիմֆոնիկ, Նյու Յորքի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ: Հանդես է եկել դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Կուրթ Մազուրի, Ռուդոլֆ Բարշայի, Վալերի Գերգիևի, Միշել Թիլսոն Թոմասի, Ջուկա-Պեկկա Սարաստեի, Յուրի Տեմիրկանովի, Դանիել Հարդինգի, Հերբերտ Բլոմսթեդի, Ջոնաթան Նոթի, Ջեյմս Գաֆիգանի, Անդրիս Նելսոնսի, Սըր Չարլզ Մակկերասի, Քրիստոֆ ֆոն Դոհնանյի, Ռաֆայել Ֆրուհբեկ դե Բորգոյի, Յուրա Վալչուհայի, Տուգան Սոխիևի և այլոց հետ: 2013-14թթ սեզոնին կատարել է Բերգի կոնցերտը, Դավիդ Աֆքհամի հետ: Պարբերաբար քրոջ հետ հանդես է եկել դուետով և միասին ելույթ են ունեցել Ամստերդամի Կոնցերգեբաուում, Քարնեգի հուլում, Լոնդոնի Ուիգմոր հոլում, Մարիինյան թատրոնում, Theatre des Champs Elysees-ում, Cite de la Musique-ում (Փարիզ), Auditori Nacional Madrid-ում, Palais des Beaux Arts-ում (Բրյուսել), Լյուքսեմբուրգի ֆիլհարմունիայում, Alice Tully Hall-ում (Նյու Յորք) և այլուր: Բրամսի բոլոր սոնատների կատարումով հանդես են եկել բազմաթիվ քաղաքներում: Հանդես է եկել նաև տրիոյի կազմում՝ Նարեկ Հախնազարյանի և Լուսինե Խաչատրյանի հետ: Ջութակահարի ձայնասկավառակները ներառում են Ֆրանկի և Շոստակովիչի սոնատները ջութակի և դաշնամուրի համար, Սիբելիուսի և Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտները: Այժմ նվագում է Գվարներիի 1740թ. պատրաստած «Իզայի» ջութակը, որը նվագել են այնպիսի ջոթակահարներ, ինչպիսիք են Իզաակ Ստեռնը և Էժեն Իզային: 2015թ. քրոջ հետ թողարկել է հայ կոմպոզիտորների երկերի կատարումնեով՝ «Իմ Հայաստան» ձայնասկավառակը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյա տարելիցին: 2014թ. ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»: 2008թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով: 2012թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար