ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Պատմաբան

10 ապրիլ, 1970 - 3 հոկտեմբեր, 2020

Ծնվել է Հայաստանի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1990-94թթ ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին գրած առաջին մենագրությունը («Հնագույն պետություն Հայաստանում. Արատտա (Ք.ա. 28-27-րդ դարեր)», 1992թ.) «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ - 1993» մրցույթում ճանաչվել է հաղթող՝ լավագույն պատմագիտական աշխատանք։ 1994-97թթ շարունակել է կրթությունը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է «Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրությունը» (1998թ.) ատենախոսության պաշտպանությամբ՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1991-97թթ եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող, 1997-2011թթ՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, 2004թ-ից՝ ավագ գիտաշխատող: 1998-2016թթ աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես Հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 2016-20թթ եղել է Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչը: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների: Հեղինակել է մեկ տասնյակից ավելի պատմագիտական ուսումնասիրություններ (մենագրություններ), ինը փաստագրական ֆիլմ և ավելի քան չորս տասնյակ գիտական հոդվածներ։ 2015թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» թեմայով, որի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2016թ-ից՝ պրոֆեսոր): Տպագրվել են նրա «Բարեպաշտ արքաների աշխարհակալությունը: Հարյուրամյա կայսրություն Տիգրան Մեծից առաջ» (1997թ.), «Սրբազան լեռնաշխարհը: Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում» (2000թ., 2-րդ հրտ., 2004թ., 3-րդ հրտ., 2006թ.), «Հայկական մեհենագրությունը» (2003թ.), «Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը» (2003թ.), «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)» (2005թ.), «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա» (հատ. 1, հնագույն ժամանակներից մինչև 298թ., 2007թ., հատ. 2, 3-րդ դարի վերջերից մինչև 9-րդ դարի կեսերը, 2011թ.), «Հայոց պատմության աշխարհակալությունները» (համառոտ տեսություն, 2008թ.), «10 հայ ականավոր արքաներ» (ակնարկներ, 2009թ.), «Տիգրան Մեծ. թագավորներից մեծագույնը» (2010թ.), «Արևմտյան Հայաստանի 10 ուխտավայրերը» (ակնարկներ, 2011թ.), «Հայոց պետականությունը 5000-ամյա և …20-ամյա» (գիտահանրամատչելի պատկերագիրք, 2011թ., 2-րդ հրտ., 2016թ.), «10 հայ ականավոր թագուհիներ» (2014թ.), «Համառոտ պատմություն հայոց» (պատկերազարդ և հանրամատչելի, 2014թ.), «Պատկերազարդ տեղեկատու Հայոց պատմության» (2016թ.) և այլ աշխատություններ: 2015թ. արժանացել է ԵՊՀ ոսկե մեդալի, 2016թ.՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար