ԱՐԹՈՒՐ ՓԻՆԱՋՅԱՆ

Գեղանկարիչ

28 մարտ, 1914 - 18 օգոստոս, 1999

Ծնվել է ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում: Նրա ծնողները փախել են Հայոց ցեղասպանությունից (1915թ.) և բնակություն հաստատել Նյու Յորքում։ 1930-ական թվականներին աշխատել է որպես անիմատոր՝ ստեղծելով կոմիքսներ։ Նրա աշխատանքների մեծ մասը տպագրվել է «Նյու Յորք Դեյլի Նյուզ» պարբերականում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և արիության համար արժանացել «Բրոնզե աստղ»-ի։ Նրա աշխատանքները կարելի է բաժանել երկու ժամանակաշրջանի՝ Վուդսթոքյան (1950-73թթ) և Բելփորթյան (1974-99թթ)։ Առաջին շրջանի աշխատանքներն աչքի են ընկնում ավելի հագեցած գունային գամմայով, իսկ երկրորդ շրջանը՝ ավելի նոսր և թույլ գույներով։ Մահացել է Նյու Յորքում: Նրա արվեստը համաշխարհային ճանաչում է ստացել մահվանից տասնյակ տարիներ անց։ Նկարիչը քրոջն ասել է իր մահից հետո դեն նետել բոլոր նկարները, բայց քույրը չի գնացել այդ քայլին։ Իսկ 2005թ. քրոջ մահից հետո նկարչի հարազատները որոշել են տունը վաճառել։ Գնորդներ Թոմաս Շուլցն ու Լորենս Ջոզեֆը դրա համար վճարել են 300 հազար դոլար։ Տունը գնելուց հետո ձեղնահարկում ու ավտոտնակում նրանք հայտնաբերել են նկարչի 3000-ից ավելի ստեղծագործություններ, որոնք միլիոնավոր դոլարներ են գնահատվում։ 2013թ. ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Սբ. Լևոն հայկական եկեղեցու Զորյան թանգարանում բացվել է գեղանկարչի կտավների ցուցահանդես-վաճառքը։