
Սիմեոն Ապարանցի
Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան
Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան
Քանդակագործ, գեղանկարիչ

Զուլում Գրիգորյան
Գեղանկարիչ

Երվանդ Ղազանչյան
Բեմադրիչ

Զավեն Սարգսյան
Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան
Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան
Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան
Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան
Հաղորդավար, լրագրող
ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ

15 ապրիլ, 1904 - 21 հուլիս, 1948
Ոստանիկ Ադոյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի Հայոց Ձոր նահանգի Խորգոմ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1915թ. Հայոց Մեծ եղեռնի հետևանքով լքել է Վանը և մոր ու 3 քույրերի հետ տեղափոխվել Էջմիածին, ապա` Երևան: Սովորել է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանել է նկարչություն և փայտի փորագրություն։ 1919թ. Երևանում մայրը սովից վախճանվել է, իսկ նա քույրերի հետ տեղափոխվել է Թիֆլիս, հետո` Բաթումի, իսկ 1920թ. մեկնել է ԱՄՆ` հոր մոտ: 1922թ-ից այցելել է Բոստոնի նկարչական դպրոց: 1924թ. տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սովորել է ազգային ակադեմիայում, ապա` արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926-ից հինգ տարի դասավանդել է գծանկար և գեղանկար։ 1924թ. փոխել է անունը` դառնալով Արշիլ Գորկի: Այդպիսով ակնարկել է իր սիրած գրող` Մաքսիմ Գորկուն: Առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Մելոնի պատկերասրահում 1931թ.: 1930-ականներին սերտորեն համագործակցել է Ստյուարտ Դևիսի, Վիլլեմ դը Կունինիգի և Ջոն Գրեմի հետ: 1933թ. միացել է Նկարիչներին օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծել Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935թ. ամուսնացել է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվել։ 1939թ. մասնակցել է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941թ. ամուսնացել է Ագնես Մակգրոդերի հետ։ 1944թ. ծանոթացել է Անդրե Բրետոնի և հայտնի այլ սյուրռեալիստների հետ: Միաժամանակ պատկանում է և' սյուրռեալիզմին, և' աբստրակտ-էքսպրեսիոնիզմին, որի հիմնադիրներից մեկն է համարվում: Առավել հայտնի են նրա հետևյալ գործերը` «Նկարչի և նրա մոր դիմանկարը» (1926-36թթ), «Բնանկար Սեզանի ոճով» (1927թ.), «Ինքնադիմանկար» (1937թ.), «Կազմակերպություն» (1933-36թթ), «Կոմպոզիցա» (1936-39թթ), «Այգի Սոչիում» (1943թ.), «Աքլորի լյարդն ու կատարը», «Ինչպես է իմ մոր ասեղնագործ գոգնոցը ծավալվում իմ ճակատագրում» (1944թ.), «Բարի հույսի փողոցը» (1945թ.), «Հոգեվարք», «Նշանադրություն 2» (1947թ.) և այլն: Համարվել է 20-րդ դարի ամերիկյան ամենազդեցիկ նկարիչներից մեկը: Նրա նկարները ցուցադրվել են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաև` Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում: 1945թ. տեղափոխվել է Ռոքբուրի Կոնեկտիկուտ և պատրաստվել Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին, սակայն 1946թ. այրվել է արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տարել է քաղցկեղի վիրահատություն։ 1948թ. ավտովթարից վնասվել է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դարձել է անաշխատունակ։ Չդիմանալով վերջին տարիների դժվարություններին` ինքնասպան է եղել: