
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ

12 մայիս, 1921 - 5 հոկտեմբեր, 2012
Ծնվել է Վրաստանի Գորի քաղաքում: Նրա հայրացուն եղել է կոմպոզիտոր Միքայել Միրզայանը: 1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Վարդգես Տալյանի դասարանը: 1946-48թթ կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում՝ Գ.Լիտինսկու, Ն.Պեյկոյի, Ն.Ռակովի մոտ: 1948թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1972թ-ից եղել է ստեղծագործական ամբիոնի վարիչը (1965թ-ից` պրոֆեսոր): Սկզբնական շրջանի ստեղծագործությունների մեջ առանձնանում են Ա.Իսահակյանի և Ե.Չարենցի խոսքերով գրված ռոմանսները «Ասում են, թե․․․» (1939թ.), «Երազ տեսա» (1941թ.), «Հայրենիքն է կանչում» խմբերգը (1941թ.): Սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Հայրենական պատերազմի հերոսներին» պոեմը (1944թ.), «Սիմֆոնիկ պարեր»-ը (1945թ.), «Տոնական նախերգանքը»-ը (1947թ.) գույների հյութեղությամբ և վառ դինամիկայով մոտ են Արամ Խաչատրյանի երաժշտության ոճին: Կոմպոզիտորի լարային կվարտետը (1947թ.) հայ կամերային երաժշտության մեջ դրամատիկ բնույթի առաջին նշանակալի երկն է: Քաղաքացիական և հայրենասիրական շնչով են տոգորված նրա կանտատները՝ «Հայաստան» (1948թ.), «Տոնական» (1949թ.), «Սովետական Հայաստան» (1950թ.), «Կանտատ Լենինի մասին» (1950թ., համահեղինակ՝ Ա.Հարությունյան): Բարձր վարպետության և հոգեբանական խորության կնիք են կրում թավջութակի և դաշնամուրի սոնատը (1967թ.) և, հատկապես, Սիմֆոնիան լարային նվագախմբի և լիտավրների համար (1962թ.), որը միջազգային լայն ճանաչում է ստացել: Գրել է երաժշտություն կինոֆիլմերի համար՝ «Երբ քեզ հետ են ընկերներդ» (1956թ.), «Փլուզում» (1959թ.), «Այսօր արևոտ օր է» (1971թ.), «Քաոս» (1973թ.), «Հեղկոմի նախագահը» (1977թ.), «Աքսորական համար 011» (1978թ.), «Խաչմերուկի դեղատունը» (1988թ.) և այլն: Գրել է նաև «Ալբոմ թոռնիկիս համար», պոեմ դաշնամուրի, պոեմ-էպիտաֆիա կամերային նվագախմբի համար, և այլ գործեր: Նրա աշակերտներից են եղել կոմպոզիտորներ Ստեփան Ջրբաշյանը, Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ: 1956-91թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994թ-ից՝ պատվավոր), 1977թ-ից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009թ-ից՝ պատվավոր) նախագահը: Եղել է Հայաստանի 5-10-րդ գումարումների Գերագույն սովետի պատգամավոր: Պարգևատրվել է «Պատվո նշան», «Կիրիլ և Մեֆոդի» (1971թ., Բուլղարիա), Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» (2001թ.), ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» (2001թ.), «Պետրոս Մեծ» (2005թ., Գերմանիա) շքանշաններով, ՀՀ «Մովսես Խորենացի» (1998թ.), ՀՀ ԳԱԱ ոսկե (2006թ.), Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային (2006թ.), «Եկատերինա 2-րդ» (2006թ., ՌԴ) մեդալներով: 1988թ. արժանացել ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: 1963թ. արժանացել է Հայաստանի, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման: Մահացել է Երևանում: 2013թ-ից Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանվել է Էդվարդ Միրզոյանի անունով, իսկ Երևանում ստեղծվել է կոմպոզիտորի անվան լարային քառյակ: