ԱՆՈՒՇ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1989թ. հուլիսի 7-ին, Երևանում: Ջութակի առաջին դասերը ստացել է հինգ տարեկան հասակում։ Այնուհետև սովորել է Պետրոս Հայկազյանի մոտ, իսկ հետագայում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Մի քանի տարի ուսանել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մոտ: Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում սովորել է պրոֆեսոր Քրիստոֆ Պոպենի դասարանում։ 2013թ-ից սովորել է պրոֆեսոր ջութակահար Ջուլիա Ֆիշերի դասարանում։ 2015թ. ստացել է մագիստրոսի աստիճան և նույն տարվա հոկտեմբերին հանձնել է կոնցերտ քննություն: 2001-05թթ ստացել է Վլադիմիր Սպիվակովի միջազգային հիմնադրամի կրթաթոշակ։ 2012-16թթ ստացել է «Villa Musica» կամերային երաժշտական հիմնադրամի կրթաթոշակ։ Որպես մենակատար հանդես է եկել գերմանական Զաարբրյուքենի ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Քարթների սիմֆոնիկ նվագախմբի, Մանհեյմի կամերային նվագախմբի, Մորավիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Քաունասի կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Ուրալի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Լիտվայի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Քրիստոֆեր Վարեն-Գրինի, Դմիտրի Լիսի, Լեոս Սվարովսկու, Քրիստոֆ Պոպենի, Էդուարդ Թոփչյանի, Պավել Բերմանի, Ալեքսանդր Թրեգերի, Մարկուս Բոշի և այլ խմբավարների ղեկավարությամբ։ Արժանացել է մրցանակների՝ ջութակի մի շարք միջազգային մրցույթներում: 2010թ. դարձել է ավստրիական «International Kärntner Sparkasse Wörthersee» մրցույթի առաջին մրցանակակիր, որից հետո ստացել է բազմաթիվ հրավերներ, որանց թվում է 2011թ. ճապոնական «Pacific Music Festival Sapporo» նվագախմբում որպես մենակատար հանդես գալու հրավերը։ 2014թ. նրան հրավիրել են մասնակցելու «Rimini Meeting Festival», «The Festival della Nazioni», իտալական «Ravello Music Festival», ավստրիական «Brucknerfest» և Երևանի միջազգային երաժշտական փառատոներին։ Նվագել է Ֆրանկֆուրտի, Նիսի, Լինցի, Կլագենֆուրտի, Վարշավայի, Երևանի և այլ համերգասրահներում։ 2015թ. առաջին անգամ հանդես է եկել Լոս Անջելեսի Ուոլթ Դիսնեյի համերգասրահում։ Որպես մենակատար համերգներով հանդես է եկել Հայաստանում, Գերմանիայում, Լիտվայում, Ռուսաստանում, Միացյալ Թագավորությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սիրիայում, Չինաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Իսրայելում, Նիդերլանդներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Սլովակիայում, Լեհաստանում և Ավստրիայում։ Որպես կամերային երաժիշտ պարբերաբար մասնակցել է տարբեր փառատոների և ներկայացրել կամերային երաժշտացանկ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Ջուլիա Ֆիշերը, Քիմ Քաշքաշյանը, Նիլս Մոնկեմեյերը, Սերգեյ Կրիլովը, Պավել Վերնիկովը, Ալեքսանդր Չաուշյանը, Մարիո Բրունելոն, Ֆրանկոիս Ֆրեդերիկ Գայը, Ռադովան Վլադկովիչը, Բենջամին Նիֆենեգերը։ Հաճախ է հանդես եկել հայտնի երաժիշտների հետ, այդ թվում՝ Տ.Մանսուրյանի, Ե.Երկանյանի, Վ.Շարաֆյանի, Վ.Զաքարյանի, Մ.Իսրայելյանի, Ա.Չաուշյանի։  2013թ-ից նվագում է Գվադանինի 1753թ. ջութակով։
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար