ԱՆԻ ԲԱՏԻԿՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1982թ. նոյեմբերի 22-ին, Երևանում: 1998թ. 15 տարեկանում ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` դառնալով այնտեղ սովորած ամենաերիտասարդ ուսանողներից մեկը: Կոնսերվատորիան ավարտել է գերազանցության դիպլոմով: 2003թ. ստացել է լրիվ կրթաթոշակ Լոնդոնի Թագավորական ակադեմիայում սովորելու համար: Այնտեղ նա ստացել է «DipRAM» դիպլոմ, ինչպես նաև ջութակի հիասքանչ կատարման համար արժանացել գլխավոր մրցանակի: Հետագայում ուսումը շարունակել է Իտալիայի Կրեմոնա քաղաքում, որտեղ նրան դասավանդել է լեգենդար վիրտուոզ Սալվատորե Ակարդոն: Տարբեր ժամանակներում նրա ուսուցիչներն են եղել Հենրիկ Սմբատյանը, Պիտեր Լիսսաուերը և Հու Կունը: Նաև ցուցումներ է ստացել Թոմաս Բրանդիսից, Տիբոր Վարգայից, Պյեր Ամոյալից, Ցվի Ցեյտլինից և Սիլվիա Ռոզենբերգից: Համերգներով հանդես է եկել Էդինբուրգի «Usher Hall», Օքսֆորդի «Sheldonlan Theatre», Տորոնտոյի «Glenn Gould Studio» բեմերում և Լոնդոնի «St'Martin-in-the-Fields և St. John Smith» հրապարակում: Որպես մենակատար հանդես է եկել Տորոնտոյի, Օքսֆորդի, Հայաստանի ազգային կամերային, Շվեդիայի Կատրինհոլմ սիմֆոնիկ և Գլազգոյի կամերային նվագախմբերի հետ: Որպես Dewar մրցանակակիր ելույթ է ունեցել Շոտլանդիայի խորհրդարանում անցկացվող «The Dewar Arts Awards» մրցանակաբաշխության հինգերորդ հոբելյանական համերգին: 2007-12թթ ջութակի դասեր է անցկացրել Շոտլանդիայի թագավորական երաժշտական և դրամատիկական ակադեմիայում: Մասնակցել է «Music Alp» փառատոնին Ֆրանսիայում, Լևոն Չիլինգիրյանի փառատոնին Հայաստանում, Շլեզվիգ-Հոլշտեյն փառատոնին Գերմանիայում և Լոզանի երաժշտական փառատոնին Շվեյցարիայում: Ձայնագրել է «My Favorite Encore» անվանումով ձայնասկավառակ, որում ընդգրկված են հայտնի գործեր, այդ թվում՝ հայ հեղինակների երեք ստեղծագործություն՝ Արամ Խաչատրյանի «Պար համար 1», Կոմիտասի «Կռունկ» և Էդուարդ Բաղդասարյանի «Ռապսոդիա»: Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների: Բնակվում է Մեծ Բրիտանիայի Բրայթոն քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար