ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, բանասեր, գրաքննադատ

15 հուլիս, 1872 - 8 հունիս, 1954

Ծնվել է Կոստանդնուպոլիսում: Սովորել է տեղի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում, աշակերտելով ժամանակի մի շարք ականավոր գրական գործիչների: Ստեղծագործել է վաղ տարիքից, ինքնուրույն և թարգմանական գործերով աշխատակցել «Բուրաստան մանկանց», «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին: 1895թ. խմբագրել է «Ծաղիկ» երկշաբաթաթերթը: Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից` նույն թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1898-1911թթ և 1929-49թթ հրատարակել է «Անահիտ» գրական-գեղարվեստական հանդեսը: 1917-19թթ մասնակցել է «Վերածնունդ», 1921-24թթ՝ «Ապագա» թերթերի խմբագրմանը: Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Արշալույսի ձայներ» (1891թ.), «Թրթռումներ» (1892թ.), «Քերթվածներ» (1908թ.) գրքերում, որոնք բնորոշվում են ռոմանտիկական պոեզիայի միակողմանիությունը հաղթահարելու և իրականության կենդանի գծերն արտահայտելու ձգտումով: Լույս են տեսել նաև «Թուղթի փառք» (1892թ.) հոգեբանական վիպակը, «Տղու հոգիներ» (1923թ.) պատմվածքների և պատկերների ժողովածուն, «Մութ խավեր» (1893թ.), «Հրաշքը» (1923թ.) դրամաները և այլ երկեր։ Հայ գրականության մեջ առանձնակի նշանակություն ունի նրա քննադատական և գիտական-բանասիրական գործունեությունը։ Լինելով մշակութապատմական դպրոցի սկզբունքների հետևորդ՝ նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ։ Հրատարակել է միջնադարյան և նոր շրջանի գրական հուշարձաններ՝ Նահապետ Քուչակին վերագրվող քառյակների և ընդհանրապես միջնադարյան հայրենների ժողովածուները («Նահապետ Քուչակի դիվանը», 1902թ., «Հայրեններու բուրաստանը», 1940թ.), «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» (1910թ.), «Հայ էջեր» (1912թ.) գրքերը և այլն: Կազմել և լույս է ընծայել Պետրոս Դուրյանի (1894թ.) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (1907թ.) երկերը, որոնց նվիրել է ծավալուն ուսումնասիրություններ: Առաջինն է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը վերլուծել` որպես գեղարվեստական ստեղծագործություն, կրոնամիստիկական շղարշի տակ տեսել արտահայտված կենսական գծերն ու մարդասիրական էությունը, Նարեկացուն դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին: Քննադատի նախասիրած ձևը եղել է էսսե-դիմանկարի ժանրը, որի սեղմ շրջանակներում տվել է գրողի ընդհանրացված, խոր և դիպուկ բնութագիրը, բացահայտել նրա ստեղծագործական մտածողության, մեթոդի և ոճի էական գծերը: Այդպիսի աշխատություններ նվիրել է Խաչատուր Աբովյանին, Ղևոնդ Ալիշանին, Հակոբ Պարոնյանին, Գաբրիել Սունդուկյանին, Րաֆֆուն, Ալեքսանդր Շիրվանզադեին, Համաստեղին, Պերճ Պռոշյանին և ուրիշներին, որոնց զգալի մասն ամփոփված են «Դեմքեր» (2 հատոր, 1924-29թթ) ժողովածուի մեջ: Արձագանքել է գրական նոր երևույթներին, հաճախ առաջինն է տվել դրանց հեղինակների (Վահան Թեքեյան, Սիամանթո, Դանիել Վարուժան, Մատթեոս Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնության բնութագիրը։ 1924թ. Եղիշե Չարենցին անվանել է «Հայ մեծագույն բանաստեղծներեն մին» և «Հայ հանճարի նոր հաստատումը» («Ապագա», 1924թ.)։ Հոդվածներ է գրել նաև եվրոպացի (Վ.Հյուգո, Օ.Բալզակ, Է.Զոլա, Հ.Իբսեն, Է.Վերհառն) և ռուս (Ա.Պուշկին, Ն.Գոգոլ, Լ.Տոլստոյ, Ի.Տուրգենև) գրողների մասին: Մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում տարածելու և Հայ դատը պաշտպանելու համար: Անձնական և նամակագրական կապեր է ունեցել ժամանակի եվրոպացի գրողների ու հասարակական գործիչների հետ: Ֆրանսերեն թարգմանել և հրատարակել է հին ու նոր շրջանի հայ բանաստեղծների բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ամփոփել է «Վարդենիք Հայաստանի» (3 հատոր, 1918-29թթ) ժողովածուի մեջ: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար