ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հնագետ, վիմագրագետ, արվեստաբան

19 փետրվար, 1929 - 19 դեկտեմբեր, 2001

Ծնվել է Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1950թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, սակայն 1953թ. հեռացվել է գաղափարական դրդապատճառներով: 1954թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի երկրորդ կուրս: 1957թ-ից աշխատել է ՀՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում: 1967թ. պաշտպանել է թեկնածուական թեզ: Մինչև ձերբակալությունը հրատարակել է ավելի քան 30 հոդվածներ հայաստանյան, ռուսաստանյան և արտասահմանյան գիտական հրատարակություններում, ինչպես նաև «4-11-րդ դարերի սկզբնաղբյուրները հայկական ճարտարապետության մասին» մենագրությունը: 1970-ականներին լեհ գիտնականների հետ համատեղ հետազոտություններ է անցկացրել հայկական մատենագրության վերաբերյալ Լեհաստանում: Զուգահեռաբար հայկական և համաշխարհային գեղանկարչության պատմություն և գրաբար է դասավանդել Երևանի տարբեր բուհերում: 1980թ. մայիսին ձերբակալվել է: Առիթ է հանդիսացել նրա երկու գիտական աշխատությունների ընդհատակյա հրատարակումը՝ «Ազգերի ծագման մասին» (որտեղ վերլուծվում էր որոշ ազգերի ծագումը, այդ թվում նաև հայերինը) և «Իմպերիալիզմ» (որտեղ նա օրինակների վրա բացատրում էր կոմունիստական համակարգի անկատարությունը և վերլուծում ԽՍՀՄ փլուզման հնարավորությունը): 1981թ. ապրիլին ՀԽՍՀ Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է ՔՕ 65 հոդվածի 1-ին մասով և 67 հոդվածով (հակախորհրդային ագիտացիա, մասնակցություն հակախորհրդային կազմակերպությանը): Նրա հետ միասին վերոնշյալ աշխատանքների տարածման համար դատապարտվել են նրա ուսանողներ Աշոտ Ապիկյանն ու Սմբատ Մելքոնյանը: Նրանք երեքն էլ դատապարտվել են «ընդհատակյա խմբի կազմում» ընդգրկված լինելու համար: Հնագետի համար պատիժ է սահմանվել 4 տարի ազատազրկում ճամբարում և 2 տարի աքսոր: Ազատազրկումն անցկացրել է Պերմի ճամբարներում, աքսորը՝ Կարակալպակիայում: Բանտարկության ընթացքում զբաղվել է գեղանկարչությամբ, նկարել է բանտարկյալների ավելի քան 200 դիմանկարներ ու մի քանի բնանկարներ: 1986թ. վերադարձլ է Երևան և սկսել դասավանդել նախ ճարտարապետության, հետո նաև՝ գեղարվեստի ինստիտուտում: 1990թ. ՀՀ Գերագույն դատարանի որոշմամբ արդարացվել է: 1990-95թթ եղել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: Մինչև մահը համաշխարհային գեղանկարչության պատմություն է դասավանդել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝ «4-11-րդ դարերի սկզբնաղբյուրները հայկական ճարտարապետության մասին» (1976թ.), «Համաշխարհային կերպարվեստի պատմություն» (1999թ., հատոր 1, «Նախնադարյան մշակույթ») և այլն: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար