ԹՈՐԳՈՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Եկեղեցական գործիչ, գրող

16 փետրվար, 1919 - 12 հոկտեմբեր, 2012

Ծնվել է Բաղդադի հյուսիսում՝ Բագուբա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում։ Բաղդադի Սբ. Թարգմանչաց հայկական դպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան։ 1936թ. սարկավագ է ձեռնադրվել ձեռամբ երջանկահիշատակ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանի։ 1939թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ստանալով Թորգոմ անունը։ 1939-46թթ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում տարբեր պաշտոններ է վարել: Աշխատել է պատրիարքարանի «Սիոն» ամսագրի խմբագրությունում, ինչպես նաև եղել է ճեմարանի փոխտեսուչ։ 1946թ. մեկնել է ԱՄՆ և նշանակվել Հյուսիսային Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա) Սբ. Երրորդություն հայկական եկեղեցու հոգևոր հովիվ։ 1951թ. Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդի կողմից նշանակվել է թեմի առաջնորդական փոխանորդ։ 1954թ. Հյուսիսային Ֆիլադելֆիայում մեկ տարով վերսկսելով ծառայությունը՝ Հայր Թորգոմը վերադարձել է Երուսաղեմ և նշանակվել ճեմարանի տեսուչ։ Վարել է նաև պատրիարքարանի դիվանապետի պարտականությունները։ 1960թ. վերադառնալով ԱՄՆ՝ ուսումը շարունակելու նպատակով ընդունվել է Քեմբրիջի Եպիսկոպոսական աստվածաբանական դպրոց (Մասաչուսեթս)։ 1962թ. ընտրվել է Հայ եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ։ Նույն թվականին, ձեռամբ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1966թ., Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնում 4 տարի ծառայելուց հետո ընտրվել է Հայ եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ։ Երկու տարի անց Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Արքության պատիվ։ Արևելյան թեմի առաջնորդի պաշտոնում 24 տարի ծառայելուց հետո 1990թ. ընտրվել է Երուսաղեմի 96-րդ Պատրիարք։ 1994թ. Վազգեն Ա Կաթողիկոսի մահից հետո նշանակվել է կաթողիկոսական տեղապահ։ Ստացել է մի շարք ակադեմիական պարգևներ, արժանացել է Նյու Յորքի Ընդհանուր աստվածաբանական ճեմարանի պատվավոր դոկտորի կոչման։ 1986թ. ստացել է նաև Ամերիկայի երկու գլխավոր պարգևները՝ «Ազատության արձան» և «Էլիզ Այլընդ» պատվո շքանշանները։ Մեծ ավանդ է ունեցել միջազգային էկումենիկ հարաբերությունների զարգացման գործում։ Ծառայել է ԱՄՆ-ում Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոնն ամերիկյան կյանքում» խորհուրդը։ Եղել է նաև «Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ։ Հեղինակել է 20 մենագրություններ, որոնց թվում՝ բանաստեղծական երեք ժողովածուներ, հայկական Սբ. Պատարագի ուսումնասիրություն, Հայոց ցեղասպանությանը (1915թ.) նվիրված գրքեր և Երուսաղեմի սուրբ վայրերի մանրամասն ուղեցույց։ Եղել է նաև ճանաչված կոմիտասագետ։ 2010թ. արժանացել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է Երուսաղեմում: