ՀԱԿՈԲ ԹԵՐԶՅԱՆ

Հրապարակախոս, բանասեր, դեղագործ

22 օգոստոս, 1879 - 24 օգոստոս, 1915

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադանայի նահանգի Մարաշի գավառի Հաճընի գավառակի կենտրոն Հաճըն քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև սովորել Ադանայի Ազգային վարժարանում, ավարտել Հիսուսյանների Ադանայի վարժարանը։ 1897թ. մեկնել է Կ.Պոլիս։ 1900թ. ավարտել է Կ.Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը և դեղագործի վկայական ստացել։ 1908թ. եղել է Ադրիանապոլիս քաղաքի «Մեր­քե­զի» («Կենտ­րո­նա­կան») դեղատան տնօրենը։ Եղել է ճանաչված հրապարակախոս, զբաղվել է նաև գրական գործունեությամբ, բանասիրությամբ, լուսանկարչությամբ։ Միաժամանակ եղել է նաև ճանաչված փաստաբան։ Կ.Պոլսի հայկական պարբերականներում տպագրված իր հրապարակախոսական և բանասիրական հոդվածները ստորագրել է Յակթեր, Հմայեակ, Յիթօ, Տաւրոս, Թղթակից ծածկանուններով։ 1909թ. ապրիլին Կիլիկիայում տեղի ունեցած հայկական կոտորածների ժամանակ եղել է Ադանայի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։ Մազապուրծ լինելով կոտորածից՝ վերադարձել է Կ.Պոլիս։ Կ.Պոլսի Կում կափու թաղամասում ունեցել է «Ադա­նա» անունով սեփական դեղատունը։ Եղել է հնչակյան գործիչ։ 1912թ. Կ.Պոլսում հրատարակել է «Կի­լի­կի­ոյ աղէ­տը. ակա­նա­տե­սի նկա­րագ­րու­թիւն­ներ» 5 հատորով ծավալուն աշխատությունը, որում հանգամանորեն նկարագրել է 1909թ. Կիլիկիայի կոտորածը՝ վիճակագրական տվյալներով։ Աշխատությունը ներկայացվել է Իզմիրյանց գրական մրցանակին, սակայն օսմանյան կառավարությունն ամբողջ տպաքանակը բռնագրավել է։ Հեղինակը կարողացել է այդ գրքի մի քանի հարյուր օրինակ փախցնել և թաքցնել իր տան առաստաղների արանքներում։ Այդ մասին իմացել է նրա եղբայր Տիրան Թերզյանը: Աշխատություններից են՝ «Արուեստ լուսանկարչութեան» (1905թ.), «Ատանայի կեանքը» (1909թ.), «Կիլիկիոյ աղէտը. ականատեսի նկարագրութիւններ (1912թ., 5 հատորով, պատկերազարդ), «Հաճընի գաւառաբար- բառը» (ձեռագիր, անտիպ)։ 1915թ. Հաճընում և Ադանայում հաջորդաբար ունեցել է սեփական դեղատներ ու դեղագործ աշխատել։ 1915թ. ապրիլի 24-ին Կ.Պոլսում ձերբակալվել է մի շարք հայ մտավորականների հետ և աքսորվել Այաշ, այնուհետև՝ Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Ձերբակալությունից հետո կառավարության ներկայացուցիչները նրա դեղատունը կողոպտել են և դուռը կնքել։ Գաղթի ճանապարհին, Չանղըրըից դուրս, Անկարայի մոտակայքում սրախողխող է արվել ընկերոջ՝ բժիշկ Միսքճյանի հետ միասին։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար