ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Կոմպոզիտոր, երաժիշտ

Ծնվել է 1960թ. ապրիլի 19-ին, Երևանում: Երգչուհի Վալյա Սամվելյանի որդին է: Ավարտել է Երևանի թիվ 31 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: 1970-80թթ սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-87թթ` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում: 1987-89թթ նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը: 1992-99թթ աշխատել Հայաստանի ազգային հեռուստատեսությունում` որպես «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավար: 1983թ-ից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում: Թողարկել է «Օվկիանոսից այն կողմ» (1995թ.), «Նոստալջի» (1997թ.), «Անի» (1999թ.), «Խոր Վիրապ» (2001թ.) ձայներիզները, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների: 2001թ. հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ: 2005թ., Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում` տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ: Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում: 2005թ. հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ: Մասնակցել է բազմաթիվ պետական միջոցառումների և արժանացել պարգևների` Երևանի քաղաքապետի, Մոսկվայում «Կարոտ» փառատոնի, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալների: Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով: Գրել է մի շարք ֆիլմերի երաժշտություններ` «Քրմուհի» (2001թ.), «Խնկարկում» (2007թ.), «Յար խուշտա» (2012թ.) և այլն, ներկայացումների` «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար: Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ: 2009թ. ԱՄՆ-ում թողարկել է «Վաղարշապատ» ձայնասկավառակը, որն արժանացել է մրցանակի: Նույն թվականին «Համերաշխություն» շարժման կողմից ճանաչվել է «Տարվա ամենահամերաշխ մարդ» և արժանացել շքանշանի: Պարգևատրվել է ՌԴ «Միխայիլ Լոմոնոսով» պատվո շքանշանով: 2002թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2004թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար