
Գևորգ Ախվերդյան
Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե
Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան
Դրամատուրգ, թատերական գործիչ

Հմայակ Արծաթբանյան
Գեղանկարիչ

Արաքսյա Գյուլզադյան
Երգչուհի

Արաքսի Օհանյան
Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան
Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան
Պատմաբան

Գայանե Մամաջանյան
Գեղանկարչուհի

Լյուդվիգ Ավետիսյան
Գեղանկարիչ

Գևորգ Սարգսյան
Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան
Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան
Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան
Ռեժիսոր, պրոդյուսեր

Էրիկ Կարապետյան
Երգիչ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 սեպտեմբեր, 1920 - 28 մարտ, 2012
Ծնվել է Երևանում: 1927թ. սովորել է Երևանի կոնսերվատորիային կից մանկական խմբում, 1934-41թթ՝ կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժիններում՝ Օլգա Բաբասյանի, Սարգիս Բարխուդարյանի, Վարդգես Տալյանի դասարաններում: Կոմպոզիցիայի դասարանում նրա գրած «Հայկական պար» առաջին ստեղծագործությունը տպագրվել է երկու տարի անց: 1938թ. մեկնել է Մոսկվա, ուր ստեղծագործությունները ներկայացրել է Հայաստանի մշակույթի տան դահլիճում: 1939թ. «Տի գովեմ Խանդութ խանում» երգով արժանացել է 1-ին մրցանակի: Նույն թվականին դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1941թ. գործուղվել է Մոսկվայի կոնսերվատորիա` կոմպոզիցիայի գծով ուսումը շարունակելու համար: Պատերազմի տարիներին Երևանի Սպայի տանը կից երգի-պարի անսամբլ է կազմակերպել և ելույթներ է ունեցել զինվորական ստորաբաժանումների համար: 1944թ. Մոսկվայում կազմակերպվել է հայկական երաժշտության համերգաշար, որտեղ ԽՍՀՄ պետական նվագախմբի հետ կատարել է դաշնամուրային կոնցերտի 2-րդ և 3-րդ մասերը: 1946-48թթ կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տանը կից ստուդիայում՝ Գ.Լիտինսկու, Ն.Պեյկոյի, Վ.Ցուկերմանի մոտ (այդ տարիներին գրել է պոլիֆոնիկ սոնատ, 1946թ., լարային կվարտետ, 1947թ., «Ձոն և քայլերգ» սիմֆոնիկ նվագախմբի համար, 1947թ.): Առաջին ծավալուն երկերից են դաշնամուրի կոնցերտը (դիպլոմային աշխատանք, 1941թ., որը Արամ Խաչատրյանի ստեղծագործության որոշ առանձնահատկություններին առնչվելով հանդերձ, կրում է ինքատիպության գծեր) և «Մեր գործն արդար է» նախերգանքը սիմֆոնիկ նվագախմբի համար (1942թ.): Կոմպոզիտորի ստեղծագործական սկզբունքները առավել ցայտուն են դրսևորվել սովետական երաժշտության տվյալ ժանրի նշանավոր նմուշներից մեկում՝ «Հայրենիք» հնգամաս կանտատում (խոսք՝ Ա.Գրաշու և Սարմենի, 1948թ.), որն առանձնանում է ազգային դասական երաժշտության, գեղջկական և գուսանական երգի հետ սերտ կապով, մեղեդիական լայն շնչով, ճկուն, յուրահատուկ ռիթմով, ազգային վառ կոլորիտով, կառուցվածքի հստակությամբորն և 1949թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Խոշոր կտավի երկերից են՝ «Տոնական նախերգանք»-ը (1949թ.), ձայնի (1950թ.), շեփորի (1950թ.), վալդհոռնի (1962թ.) և հոբոյի (1977թ.) կոնցերտները, «Հայկական ռապսոդիա»-ն երկու դաշնամուրի համար (համահեղինակ՝ Առնո Բաբաջանյան, 1950թ.), «Մեր հին երգերը» ռապսոդիան դաշնամուրի և նվագախմբի համար (1975թ.), «Հայաստանի պարերը» սիմֆոնիկ սյուիտը (1952թ.), Սիմֆոնիան (1957թ.), «Ասք հայ ժողովրդի մասին» քառամաս վոկալ-սիմֆոնիկ պոեմը մենակատարի, ասմունքողի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1961թ.), Սիմֆոնիետը կամերային նվագախմբի համար (1966թ.), «Սայաթ-Նովա» օպերան (1966-68թթ, առաջին բեմ.՝ 1969թ., Երևան, ՀՀ Պետական մրցանակ, 1971թ.), «Մեծապատիվ մուրացկաններ» երաժշտական կոմեդիան (1972թ.), «Թեմա և վարիացիաներ» շեփորի և նվագախմբի համար (1974թ.), «Պոեմ» թավջութակի և նվագախմբի համար (1974թ.), կոնցերտինո՝ դաշնամուրի (1951թ.) և թավջութակի (1973թ.), Կոնցերտ-ֆանտազիա 5 փողային նվագարանների համար (1964թ.): Փոքր կտավի երկերից են՝ «Ձոն Լենինին» (խոսք՝ Լ.Դուրյանի, 1967թ., ՀՀ Պետական մրցանակ, 1971թ.), «Հայրենիքիս հետ» (խոսք՝ Հ.Թումանյանի, 1969թ.), «Ռուս եղբորս» (խոսք՝ Լ.Դուրյանի, 1978թ.) մեկմասանի երգ-կանտատները, «Հուշարձան մայրիկիս» վոկալ շարքը ձայնի և դաշնամուրի համար (խոսք՝ Հ.Շիրազի, 1969թ.), դաշնամուրային մանրանվագները, «Քարավան» պիեսը էստրադային նվագախմբի և կլառնետի համար, երգեր, խմբերգեր և այլն: 1954-90թթ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարը: Եղել է նաև ԽՍՀՄ և Հայաստանի կոմպոզիտորների միությունների վարչությունների անդամ: Գրել է նաև երաժշտություններ թատերական ներկայացումների համար և «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955թ.), «Սիրտն է երգում» (1956թ.), «Իմ ընկերոջ մասին» (1958թ.), «Նահապետ» (1977թ.) ֆիլմերի երաժշտությունները: 1965թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի պատվերով գրել է «Ռեքվիեմ» երգչախմբային ստեղծագործությունը` նվիրված Հայոց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին: 1962թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (1977թ-ից` պրոֆեսոր): 1980թ. գրել է ֆլեյտայի, լարային նվագախմբի և տավիղի համար Կոնցերտ, 1984թ.` «Հայկական էսքիզներ» սյուիտը` պղնձե փողային կվինտետի համար: 1983թ. կոմպոզիտորին շնորհվել է «Օրփեոսի դիպլոմ»: 1988թ. գրել է Ջութակի կոնցերտը` նվիրված Լենինականի ավերիչ երկրաշարժին: Կոմպոզիտորի մի շարք ստեղծագործություններ հաջողությամբ կատարվել են նաև արտասահմանում՝ Գերմանիա, Չեխոսլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ և այլուր, աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ: 1977թ. հայրենասիրական երգերի համար արժանացել է Ա.Ալեքսանդրովի անվան ոսկե մեդալի: Պարգևատրվել է բազմաթիվ պետական շքանշաններով, մրցանակներով: 1962թ. արժանացել է Հայաստանի, 1970թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1987թ.՝ Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: