ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆՑ

Օպերային երգիչ

Ծնվել է 1975թ. հոկտեմբերի 11-ին, Երևանում։ Սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Կոնստանտին Սիմոնյանի դասարանում: Վերապատրաստվել է Իտալիայում՝ Պեսսարոյի «Տեբալդի-Դել Մոնակո» և «Ռոսսինիանա» ակադեմիաներում: Անցել է վարպետության դասընթացներ Ռաինա Կաբայվանսկայի մոտ։ 2005թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար է: Հանդես է եկել իտալական, հայկական, ռուսական խաղացանկի առաջատար դերերում: 2011թ. մասնակցել է Իտալիայի Բուսսետո քաղաքում անցկացվող «Վերդիական ձայներ» միջազգային մրցույթին, որտեղ ճանաչվել է լավագույն բարիտոն։ Մրցույթից հետո հրավիրել են մասնակցելու Ջ.Վերդիի տան առջև բեմադրված «Տրավիատա» ներկայացմանը: Նույն թվականին Իտալիայի Վերոնա քաղաքում արվեստների ինստիտուտի միջազգային մրցույթում ճանաչվել է հաղթող: 2012թ. Վերոնայի «Տեատրո ֆիլարմոնիկո»-ի կողմից հրավեր է ստացել մասնակցելու «Աիդա» օպերայի համերգային կատարմանը։ Կանադայի Տորոնտո քաղաքում Պուչինիի «Տոսկա» օպերայում կատարել է Սկարպիայի դերերգը։ 2013թ. մասնակցել է Արենա դի Վերոնայի հոբելյանական 100-րդ թատերաշրջանի «Տրավիատա» ներկայացմանը՝ կատարելով Ժերմոնի դերերգը։ Պլասիդո Դոմինգոյի հետ մասնակցել է նաև «Վերդի-Վագներ» գալահամերգին՝ Դանիել Հարդինգի ղեկավարությամբ: Հանդես է եկել «Օպերա սառւյցի վրա» համերգ-շոուում: 2014թ. Վերոնայի Տեատրո Ֆիլհարմոնիկոյում կատարել է Ջ.Պուչինիի «Մեսսա դի Գլորիա»-ն: Մասնակցել է Իտալիայի «Արենա դի Վերոնա 100+1» փառատոնին` հանդես գալով Ջ.Վերդիի «Աիդա» օպերայում: Մասնակցել է նաև Պիեռ Լուիջի Պիցցիի բեմադրած Վերդիի «Դիմակահանդես-պարահանդես» օպերային ներկայացմանը, «Մադամ Բատերֆլայ» ներկայացմանը: 2015թ. Վերոնայի Տեատրո Ֆիլհարմոնիկոյում մասնակցել է «Տրավիատա» ներկայացմանը: Նույն թվականին հրավիրվել է Սիցիլիա՝ «Պալերմո կլասսիկա» միջազգային փառատոնի բացման գալա համերգին: Հանդես է եկել նաև հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ջ.Վերդիի «Տրուբադուր» Կոմս դի Լունա, «Ռիգոլետտո» (Ռիգոլետտո), «Նաբուկկո» (Նաբուկո), «Աիդա» (Ամոնասրո), Գ.Դոնիցետիի «Պողիկտոս» (Սևերոս), Ջ.Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս», Ռ.Լեոնկավալոյի «Պայացներ» (Տոնիո), Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (Տուրիդդու), Ջ.Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար