ԱՐԱՄ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

Արևելագետ, պետական գործիչ

14 հուլիս, 1888 - 12 հունիս, 1966

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի Այգեստան թաղամասում։ Սովորել է Այգեստանի միջնակարգ կենտրոնական դպրոցում, որն ավարտելուց հետո մանկավարժական աշխատանք է տարել Վանի Հայնկույսերի դպրոցում, այնուհետև Աղթամարի վանքի, Բայազեդի և Շաբին-Կարահիսարի դպրոցներում։ 1911թ. մեկնել է Կ.Պոլիս և ընդունվել տեղի բարձրագույն մանկավարժական ինստիտուտի հումանիտար գիտությունների ֆակուլտետ, որը շուտով միացել է Կ.Պոլսի համալսարանի համանուն ֆակուլտետի հետ։ 1915թ. ավարտել է համալսարանը և ստացել Թուրքիայի միջնակարգ դպրոցների մասնագետ-ուսուցչի կոչում ու աշխատանքի անցել Բերա թաղամասի Գալաթասարայի լիցեյում, որտեղ ավանդել է 1915-17թթ։ Երիտթուրքական կառավարությունը պատերազմի առիթն օգտագործելով, 1915-18թթ իրականացրել է արևմտահայության իսպառ բնաջնջման անմարդկային ծրագիրը, որի պատճառով նա 1919թ. ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, իսկ 1920թ.՝ Թիֆլիս: Երիտասարդ տարիներից եղել է ՀՅԴ անդամ, Առաջին աշխարհամարտից հետո ղեկավարել է Կ.Պոլսի ՀՅԴ կազմակերպությունը։ Աշխատակցել է պոլսահայ մամուլում, հրատարակել է մանկավարժության նվիրված պարբերականներ։ Որպես արևմտահայության ներկայացուցիչ 1919թ. ընդգրկվել է ՀՀ խորհրդարանի կազմում, ընտրվելով նրա քարտուղարների կազմում։ 1921թ. հեռանալով քաղաքական գործունեությունից զբաղվել է գիտական և դասախոսական աշխատանքով։ Երբ 1922-23թթ սկսվել է արաբական տառերից հրաժարվելու շարժումը, նա եղել է այդ գործի առաջին շարքերում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Թբիլիսիում նոր ադրբեջաներեն տառերով լույս տեսնող «Յենի յոլ» թերթին և «Դան յըլդըզի» ամսագրին, որպես վերջինիս պատասխանատու քարտուղար։ Շուտով ընտրվել է Վրաստանում նոր ադրբեջանական տառերի կոմիտեի անդամ-քարտուղար։ 1926թ. մասնակցել է Բաքվում գումարված Համամիութենական թուրքագիտական կոնգրեսին՝ իբրև Վրաստանի պատգամավոր։ Խորհրդային իշխանության կողմից ենթարկվել է հալածանքների. 1937-39թթ բանտարկվել է, 1949-55թթ աքսորվել է Սիբիր։ Աքսորից վերադառնալուց հետո տեղափոխվել է Երևան։ 1958թ-ից եղել է ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հիմք դնելով օսմանագիտական հետազոտություններին Հայաստանում: Հրատարակվել են նրա «Թուրքական աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» քառահատորյակը, «Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում» փաստաթղթերի ժողովածուն (համահեղինակ)։ Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար