Դերենիկ Դեմիրճյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան

Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան

Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի

Պատմաբան

Սարգիս Սարգսյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

Արևելագետ, պատմաբան

Ծնվել է 1955թ. հոկտեմբերի 5-ին, Երևանում: Թուրքագետ, արևելագետ և քաղաքական գործիչ Արամ Սաֆրաստյանի թոռն է։ 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը, 1980թ.՝ ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 1981թ. աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ համակարգում: Եղել է արևելագիտության ինստիտուտի կրտսեր, հետագայում` ավագ և առաջատար գիտաշխատող, Թուրքիայի բաժնի վարիչը։ 2006թ-ից նույն ինստիտուտի տնօրենն է։ 1988-91թթ աշխատել է որպես ՀՀ ԳԱ սփյուռքի ուսումնասիրման կենտրոնի փոխտնօրեն։ 1983թ. համատեղության կարգով գիտամանկավարժական աշխատանք է տարել Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում (ԵՊՀ, ՀՊՄՀ, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, «Հրաչյա Աճառյան» համալսարան)։ Հանդես է եկել նաև պետական կառավարման բարձրագույն մարմիններում որպես քաղաքագետ-վերլուծաբան, ինչպես նաև դիվանագիտական աշխատանք է կատարել: 1991-92թթ եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի միջազգային հարաբերությունների գծով ավագ փորձագետ, 1992-96թթ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական բաժնի վարիչի տեղակալը։ 1996-97թթ վարել է դիվանագիտական աշխատանք Գերմանիայում` աշխատելով Բոննում ՀՀ դեսպանատան խորհրդական: 1999թ. հաղթել է Հումբոլդտի անվան (Գերմանիա) միջազգային գիտական մրցույթում և մեկ տարի հետազոտական աշխատանք է վարել Գերմանիայի Բոխում քաղաքի համալսարանում: 2001թ. հաղթել է Ֆուլբրայթի անվան (ԱՄՆ) միջազգային գիտական մրցույթում և մեկ տարի գիտական պրպտումներ է կատարել Կալիֆորնիայի Բըրքլի համալսարանում: 2002թ. հաղթել է Կենտրոնական Եվրոպական Համալսարանի (Բուդապեշտ, Հունգարիա) կողմից հայտարարված միջազգային քաղաքականության ուսումնասիրման գիտական մրցույթում և մեկ տարի գիտական ուսումնասիրություններ է կատարել նույն համալսարանի քաղաքականության ուսումնասիրման կենտրոնում: Հիմնադրել է ու խմբագրել է «Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ» և «Ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականները։ Հեղինակել է հարյուրից ավելի գիտական աշխատություններ, որոնք նվիրված են Թուրքիայի նոր ու նորագույն պատմության և արտաքին քաղաքականության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության (1915թ.) ուսումնասիրման հարցերին։ 2009թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2007թ-ից՝ պրոֆեսոր)։ 2009թ-ից ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահն է, 2014թ-ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 2008թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2010թ.՝ «Գարեգին Նժդեհ» մեդալների։