ԱԼԲԵՐՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է 1948թ. մարտի 14-ին, Երևանում։ 1970թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Ընդունվել է ասպիրանտուրա և գործուղվել Լենինգրադի համալսարան, որտեղ մասնագիտացել է անտիկ պատմության, բանասիրության և իմաստասիրության մեջ։ Ուսումնասիրել է հին լեզուներ՝ լատիներեն, հին հունարեն, աքքադերեն։ 1975թ. պաշտպանել է թեկնածուական, 1991թ.՝ դոկտորական ատենախոսություն (1992թ-ից՝ պրոֆեսոր)։ Գիտամանկավարժական գործունեությունն սկսել է 1974թ., ՀՊՄԻ-ում իբրև ընդհանուր պատմության ամբիոնի դասախոս, ապա դոցենտ։ Համատեղության կարգով տարբեր տարիներին աշխատել է ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում, իբրև ավագ գիտաշխատող, հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնում՝ իբրև մշակութաբանական հետազոտությունների բաժնի վարիչ։ 1992թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնում, որտեղ 1998թ-ից ամբիոնի վարիչն է։ Պատմության և այլ ֆակուլտետներում վարում է ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական դասընթացներ՝ «Անտիկ պատմություն», «Անտիկ պոլիսի (քաղաքացիական հասարակության) հիմնախնդիրները», «Պատմության տեսություն», «Քաղաքակրթությունների տեսություն և պատմություն»։ Հեղինակել է երկու մենագրություն և յոթանասունհինգ գիտական հրապարակումներ՝ հոդվածներ, հաղորդումներ, զեկույցներ, թեզիսներ։ Դրանք հրատարակվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն։ Նվիրված են անտիկ քաղաքակրթության, հասարակական մտքի և իմաստասիրության հիմնախնդիրներին։ Նրա հետազոտական սևեռումի խնդիրն է նաև հայոց պատմության հելլենիստական դարաշրջանը՝ հասարակական կառույց, մշակույթ, միջազգային հարաբերություններ, պատմագիտական միտք։ Այս երկու ուղղություներն արտացոլված են նրա «Պատմական մտքի զարգացումը հին Հայաստանում. առասպել, ռացիոնալիզմ, պատմագրություն» (ռուսերեն, 1991թ.), «Պլոտինոս, Էննեադներ, գիրք 5-րդ (հաղագս Բանականի) թարգմանություն հին հունարենից, ուսումնասիրություն, մեկնաբանություններ» (1999թ.) հետազոտություններում։ Խմբագրել է «Ինքնության հարցեր» (2002թ.) և «Պատմության հարցեր 1-ին» (2009թ.) հոդվածների ժողովածուները։ Դրանց մասնակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի ճանաչված հետազոտողներ։ Խմբագրել է նաև «Պատմություն և կրթություն» հանդեսի չորս հատորները (2004-06թթ)։ Եղել է հանրակրթական դպրոցի համաշխարհային պատմության երեք դասագրքերի («Հին աշխարհի պատմություն», «Նոր դարերի պատմություն», «Նորագույն պատմություն», 2007թ., 2009թ.) խմբագիրն ու հիմնական ղեկավարը: Հրատարակվել են նաև պատմաբանի «Պատմության կերպափոխությունները Մեծ Հայքում. Արտաշիսյան դարաշրջան» (գիրք Ա, Ե, 2012թ.), «Պատմության հետագիծը։ Գործք, գրույթ, իմաստ» (2014թ.) աշխատությունները: 2017թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար