ՎԱՀԱՆ ՄԻՐԱՔՅԱՆ

Օպերային երգիչ

27 ապրիլ, 1936 - 6 մայիս, 2014

Ծնվել է Երևանում: Դպրոցական տարիներին ընտանիքով տեղափոխվել է Կիրովական (այժմ՝ Վանաձոր), որտեղ սովորել է թիվ 4 միջնակարգ դպրոցում: 1953-61թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժնում՝ Թամար Մելիք-Շահնազարյանի դասարանում: 1956թ. հրավիրվել է աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն՝ որպես երգիչ: 1963թ. համամիութենական տենորների մրցույթում արժանացել է առաջին մրցանակին և առաջին 5 երգիչների հետ մեկնել է Միլան: 1964-67թթ վերապատրաստվել է Միլանում` մաեստրո Ջ.Բարիի ղեկավարությանբ: Միլանի «Լա Սկալա» թատրոնում և Պարմայում հանդես է եկել համերգային մեծ ծրագրով: 1967թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում՝ որպես մենակատար: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Լենսկի), Ջ.Վերդիի «Ռիգոլետտո» (Դուքս), «Տրավիատա» (Ալֆրեդ), «Աիդա» (Ռադամես), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Ա.Հարությունյանի «Սայաթ Նովա» (Սայաթ Նովա), Գ.Դոնիցետտիի «Լուչիա դի Լամերմուր» (Էդգար), Ժ.Բիզեի «Կարմեն» (Խոսե), Ջ.Պուչչինիի «Բոհեմ» (Ռուդոլֆ), «Տոսկա» (Կավարադոսի) և այլն: Ելույթներ է ունեցել Խորհդային Միության խոշոր քաղաքներում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Սիրիայում, Հարավսլավիայում, Լիբանանում, Շվեյցարիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Կանադայում և այլուր: Հանդես է եկել նաև Վիեննայի, Համբուրգի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» և այլ օպերային թատրոններում, ներկայացել է նաև որպես կամերային երգիչ: 1981-2005թթ ապրել և ստեղծագործել է Ավստրիայում, դասավանդել Վիեննայի կոնսերվատորիայում: 1983թ. աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հետ հանդես է եկել Վ.Բելինիի «Նորմա» օպերայում (Պոլիոն): 2002թ. Հայաստանում համերգով հանդես է եկել որդու` օպերային երգիչ, տենոր Արմեն Միրաքյանի հետ: 2004թ. Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվել է երգչի ստեղծագործական գործունեության 45-ամյակը, իսկ 2011թ. կայացել է ծննդյան 75 և ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Թողարկել է 2 ձայնասկավառակ, 6 ձայներիզ: 2005թ-ից ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում: 1976թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Պարգևատրվել է «Կոմիտաս» մեդալով: Մահացել է Լոս Անջելեսում:

 

  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար