ՊԱՎԵԼ ՉՈԲԱՆՅԱՆ

Արևելագետ, պատմաբան

15 մարտ, 1948 - 18 մայիս, 2017

Ծնվել է Ադրբեջանի Խանլար քաղաքում: 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության, ազգագրության և աղբյուրագիտության բաժինը: 1974-76թթ կովկասագիտություն-վրացագիտություն մասնագիտացմամբ ուսանել է ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում` ուսումնառությունը իրականացնելով Վրաստանի ԳԱ Կորնելի Կեկելիձեի անվան Ձեռագրերի հետազոտության ինստիտուտում: 1982թ. պաշտպանել է «Հայերը Մերձավոր Արևելքում ըստ վրաց ուղեգրությունների» թեկնածուական ատենախոսությունը, 2006թ.՝ «Հայ-ռուս-վրացական հարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին» դոկտորական ատենախոսությունը: Հետագայում ստացել է նաև պրոֆեսորի կոչում: Գիտական գործունեությունն սկսել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում, անցնելով ճանապարհ կրտսեր գիտաշխատողից` մինչև փոխտնօրեն: 1977-85թթ եղել է այդ ինստիտուտի կովկասագիտության և բյուզանդագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող, 1995-96թթ` «Քրիստոնյա Արևելք» բաժնի վարիչը: 1985-95թթ աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող: 2002-12թթ եղել է արևելագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը, 2013թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի «Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության» բաժնի ղեկավարը, ՀՀ ԳԱԱ նորաստեղծ «Բանբեր հայագիտության» միջազգային գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը: Երկար տարիներ եղել է մի շարք գիտական և խմբագրական խորհուրդների անդամ, 1999-2003թթ զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ պատմաբանասիրական հանդեսի խմբագրի տեղակալի պաշտոնը: Ուսումնասիրել է Հայաստանի քաղաքական փոխհարաբերությունները Մերձավոր Արևելքի հարևան երկրների և Ռուսաստանի հետ, Հայկական գաղթավայրերն ու հոգևոր-մշակութային կյանքը հայկական էկումենեյում, Վրաստանի պատմությունն ու մատենագրական ժառանգությունը, Հայոց հասարակական կյանքի զարգացման օրինաչափությունները, համաշխարհային պատմության ռիթմում Այսրկովկասի ժողովուրդների ներդրումը և բազմաթիվ այլ խնդիրներ: Եղել է «Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպության անդամ: Հեղինակել է 150-ից ավելի գիտական հրապարակումներ, խմբագրել երկու տասնյակ գիտական աշխատություններ: Թարգմանաբար հրատարակել է Ա.Շանիձեի «Հին վրացերեն լեզվի քերականություն» աշխատությունը (Հ.Մարգարյանի հետ համատեղ): Մեծ թվով նյութեր հավաքելով Թբիլիսիի և Մոսկվայի արխիվներից և գրադարաններից 1981թ. հրատարակել է «Վրացական ուղեգրությունները և նրանց տեղեկությունները հայերի մասին» աշխատությունը: 1990թ. լույս է տեսել նրա մասնակցությամբ կազմված «Հայ-ռուսական հարաբերությունները 18-րդ դարի երկրորդ կեսին (1760-1800թթ)» փաստաթղթերի ժողովածուն: 1999թ. նրա առաջաբանով և աշխատասիրությամբ վերահրատարակվել են Մակար Բարխուդարյանցի «Արցախ» տեղագրական աշխատությունները: Իր բազմաթիվ հոդվածներով անդրադարձել է Հնդկաստանի, Իտալիայի, Երուսաղեմի և մի շարք այլ հայկական գաղթավայրերի պատմությանը, Նոր վավերագրեր հայտնաբերել և գիտական վերլուծությամբ հրատարակել ԺԷ-ԺԸ դարի Հայաստանի, հայ եկեղեցու և Արցախի պատմության կնճռոտ խնդիրների վերաբերյալ։ 2006թ. հրատարակվել է նրա «Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին» մենագրությունը։ Եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կողմից հրատարակվող «Հայաստանի հարակից երկրների պատմություն» քառահատորյակի հեղինակներից և խմբագրական խորհրդի անդամներից: «Հայոց պատմություն» և «Հայաստանի հարակից երկրների պատմություն» դպրոցական նոր դասագրքերում հեղինակել է ուշ միջնադարյան Հայաստանի և Արևելյան Այսրկովկասի պատմության շարադրանքները: Արժեքավոր են նրա «Феномен Шуши» (2013թ.) և «Արցախ. Ժողովրդագրության և տեղանվանակարգի հիմնախնդիրները ԼՂՀ անվտանգության համատեքստում» (2014թ.) կոլեկտիվ մենագրությունները, որոնք հրատարակվել են որպես Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի հավելված «Աշխատանքային տետրերի» հատուկ համարներում, որտեղ նա հանդես է եկել որպես ծրագրի համակարգող, գիտական խմբագիր և հիմնական հոդվածների հեղինակ: Մոսկվայում մասնակցել է Բարտոլդյան ընթերցումներին, ինչպես նաև Լիվոռնոյում, Սանկտ Պետերբուրգում, Աշխաբադում, Թբիլիսիում, Ստեփանակերտում, Մոնպելիեում տեղի ունեցած հայագիտական և արևելագիտական մի շարք գիտաժողովների։ Դասավանդել է Երևանի «Դավիթ Անհաղթ», Երևանի պետական համալսարաններում, Մխիթարյան միաբանության Երևանի վարժարանում, 1995-2008թթ՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ տասնյակ թեկնածուական ատենախոսություններ այդ թվում Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և այլ արտասահմանյան երկրներից, եղել է բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս: 2010թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով, ՌԴ «150 лет со дня рождения К. Мечиева», 2011թ.՝ «20 лет провозглашения Нагорно-Карабахской Республики» հուշամեդալներով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար