ԻԳԻԹ ՂԱՐԻԲՅԱՆ

Պատմաբան, հնագետ

1 դեկտեմբեր, 1937 - 16 օգոստոս, 2020

Ծնվել է Հայաստանի Մեղրաձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում): 1939թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1957թ. ավարտել է Երևանի Հ.Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցը: 1957-60թթ ծառայել է խորհրդային բանակում: 1960-65թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1965-68թթ՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1970թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Լոռե ամրոցը և նրա պեղումները» թեմայով: 1974թ. նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1986թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գլաձոր (տեղադրությունը, պեղումները, վիմագրերը)» թեմայով: 1968թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում (2005թ-ից՝ պրոֆեսոր): 2001-04թթ եղել է ԵՊՀ հնագիտության, 2005-09թթ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչը: 2000թ-ից եղել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: 2003թ-ից համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարյան հնագիտության բաժնում: Աշխատանքները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, Լոռե բերդաքաղաքի, Թանահատի վանական համալիրի, Բջնի բերդի և այլ վայրերի հնագիտական պեղումների արդյունքներին: Հնագիտական արշավախմբեր է ղեկավարել Կյուրիկյանների մայրաքաղաք Լոռե քաղաք-ամրոցում (1966-74թթ), Թանահատի վանական համալիրում (1970-82թթ) և Բջնի ամրոցում (1977-80թթ և 2003-07թթ): Մասնակցել է նաև Դվինի, Արմավիրի, Գառնիի, Սպիտակի և Լճաշենի հնագիտական պեղումներին: Հեղինակել է միջնադարյան Հայաստանի պատմությանը, հնագիտությանը, վիմագրությանը, ճարտարապետությանը և նյութական մշակույթին վերաբերող շուրջ 70 հոդվածներ և 4 մենագրություններ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական ատենախոսություններ: Զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում (Երևան, Ստեփանակերտ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Լոս Անջելես, Թբիլիսի, Բաթումի, Աշխաբադ): Հրատարակվել են նրա «Գլաձոր (տեղադրությունը, պեղումները, վիմագիր արձանագրությունները)» (1983թ.), «Հրաշագործ սուրբ Գեղարդը» (2003թ., 2005թ.), «Լոռե բերդաքաղաքը և նրա պեղումները» (2009թ.), «Արծափ - Մեղրաձոր» (2006թ.), «Հովհանավանքը և Մուղնու սուրբ Գևորգ վանքը ըստ Զաքարիա Սարկավագի» (2005թ.) և այլ աշխատություններ: Արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2007թ.՝ ԵՊՀ ոսկե մեդալի, 2014թ.՝ ԵՊՀ վաստակագրի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար