ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արձակագիր

17 մարտ, 1931 - 13 հունվար, 2000

Ծնվել է Ախալքալակի շրջանի Սուլդա գյուղում։ 1947թ. ավարտել է Ախալքալակի մանկավարժական ուսումնարանը։ 1947-50թթ Սուլդա և Մրագվալ գյուղերում զբաղվել է ուսուցչությամբ։ 1954-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1958-60թթ որպես կրտսեր խմբագիր աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում։ 1960-67թթ որպես բաժնի վարիչ աշխատել է «Ոզնի» հանդեսում։ 1964թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1969թ. ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան Գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները։ 1969-70թթ եղել է Արփա-Սևան կառույցի Ջերմուկի շինարարական վարչության թիվ 1 հորանի միացյալ կուսակցական կոմիտեի քարտուղարը, 1970-73թթ՝ Հայաստանի գրողների միության Սյունիքի միավորման նախագահը, 1973-74թթ՝ «Ծիածան» թերթի խմբագիրը։ 1974-78թթ աշխատել է Հայաստանի գրողների միությունում որպես գեղարվեստական գրականության քարոզչության բյուրոյի տնօրեն։ 1989թ-ից հանդիսացել է «Արամե» մշակութային ընկերության նախագահը։ 1992թ. հիմնադրել է «Հայաստանի հանրապետության բնակավայրերը» մատենաշարը, հրատարակել Հայաստանի բնակավայրերին նվիրված մի շարք գրքեր։ Հեղինակել է վեպեր, ինչպես նաև պատմվածքների և վիպակների ժողովածուներ։ Նրան ճանաչում է բերել «Վայոց ձոր» վեպը, որտեղ նկարագրվում են 1919-21թթ Վայոց ձորում ծավալվող պատմական իրադարձությունները։ Սակայն, հասարակական առավել մեծ ընդունելության է արժանացել նրա «Արևադարձ» վեպը, որը պատմում է պատանի Կարո Կարայանի կյանքը։ Գրողի հաջորդ՝ առավել հայտնի գործը «Անմահության նախօրեին» վեպն է, որի համար հիմք է ծառայել հայոց Արտաշեսյան արքայատոհմի ներկայացուցիչ Արտավազդ Ա-ի հետ կապված դիցապատմական անցքերը։ Ռուսերեն թարգմանվել և 1980թ. Մոսկվայում հրատարակվել է նրա «Վայոց ձոր» վեպը։ Հրատարակվել են գրողի «Բողոք լեռներում» (պատմվածքներ, 1962թ.), «Ատլանտիդա» (վեպ, 1965թ.), «Վայոց ձոր» (վեպ, 1970թ.), «Ստվերիկը» (հեքիաթ, 1971թ.), «Վայոց ձոր» (վիպակներ, 1974թ.), «Արևադարձ» (վեպ, 1977թ., 1989թ.), «Նաիրյան աստվածներ» (վիպակներ, 1982թ., 1997թ.), «Անմահության նախօրեին» (վեպ, 1987թ.), «Որտեղ եք, տղաներ» (1988թ.), «Էշի խելքը» (հեքիաթ, 1997թ.), «Ճուտիկ անմեղիկը» (հեքիաթ, 1997թ.), «Սովորիր գեղեցիկ խոսել։ Քո կյանքի նպատակը» (1997թ.), «Քաջարան» (2004թ.) գրքերը: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար