ՍԻՐՈՒՇՈ

Երգչուհի

Սիրանուշ Հարությունյան

Ծնվել է 1987թ. հունվարի 7-ին, Երևանում: Դերասան Հրաչյա Հարությունյանի և երգչուհի Սյուզան Մարգարյանի դուստրն է: 2004թ. ավարտել է Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը: Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, որից հետո` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Յոթ տարեկան հասակից սկսել է գրել իր իսկ երաժշտությունը և երգի խոսքերը` հայերեն ու անգլերեն լեզուներով, որից մեկ տարի անց, ունեցել է առաջին բեմական ելույթը: 9 տարեկանում ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար: 13 տարեկան հասակում թողարկել է  առաջին՝ «Սիրուշո» ձայնասկավառակը, իսկ 2005թ.` երկրորդ «Շերամ» ձայնասկավառակը, որի համար արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» և «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակներին: Հայաստանում առաջին անգամ անցկացված ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հայ երգարվեստի ապագա» կոչման: 2007թ. թողարկել է «Հիմա» ձայնասկավառակը, որի երգերը սոուլի և R&B ոճերի համադրություն են՝ հայկական ժողովրդական գործիքների զուգորդությամբ՝ դուդուկ, դհոլ, զուռնա և այլն: Համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 2008թ. արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն երգչուհի» մրցանակին (4-րդ անգամ) և նույն թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում` «Քելե քելե» երգով և զբաղեցրել 4-րդ տեղը: 2009թ. թողարկել է իր «Էրոտաս» հունալեզու երգը, որը բավականին մեծ արձագանք է ունեցել նաև Հունաստանում և Կիպրոսում: Նույն թվականին սերբ երգչուհի Ելենա Տոմաշևիչի և հրեա երգիչ Բոազ Մաուդայի հետ ձայնագրել է «Time to pray» երգը (խոսքերի հեղինակն է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը):
  
2010թ. թողարկել է իր չորրորդ ձայնասկավառակը, որը կոչվում է «Հավատում եմ», որը դարձել է «Տարվա լավագույն ալբոմ» և «Տարվա լավագույն հիթ»: 2010թ. հիմնել է «Սիրուշո» պրոդյուսերական կենտրոնը, որը պաշտոնապես թողարկել է նրա և այլ արտիստների ձայնասկավառակները: Նույն թվականին հեղինակել է «Судьба Зима» երգը, որը կատարել է ռուս երգիչ Գրիգորի Լեպսը: 2012թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «I like it» տեսահոլովակը արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին: 2012թ. թողարկել է «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցրել է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները: 2013թ. համագործակցել է հույն երգիչ Սակիս Ռուվասի հետ և համատեղ թողարկել «See» երգը, իսկ ամերիկյան «W» ամսագիրը երգչուհուն ընդգրկել է իր «6 ոչ-ամերիկացի տաղանդներ» ցանկում: 2014թ. Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխության (World Music Awards) ժամանակ ներկայացվել է երեք տարբեր անվանակարգերում որպես եվրոպական արտիստ՝ «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգ» («ՊռեԳոմեշ»), «Լավագույն տեսահոլովակ» («ՊռեԳոմեշ»): Նույն թվականին արժանացել է Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Հայ երգի թագուհի» մրցանակին, Լոս Անջելեսի «Նոկիա» թատրոնում ունեցել մենահամերգ և երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ թողարկել «Տարիներ» երգի նոր տարբերակը ու նկարահանել տեսահոլովակ: 2015թ. ձայնագրել է «Կգա մի օր» երգը և նկարահանել տեսահոլովակ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյակին: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար