ՍԻՍԹԵՄ ՕՖԸ ԴԱՈՒՆ

Ռոք խումբ

Սերժ Թանկյան` վոկալ, ստեղնաշար
Շավո Օդաջյան` բաս կիթառ
Դարոն Մալաքյան` կիթառ, վոկալ
Ջոն Դոլմայան` հարվածային

Խումբը իր առաջին քայլերը դեպի երաժշտական աշխարհ կատարել է 1993թ., Լոս Անջելեսում: Նույն թվականին երաժիշտներ Սերժ Թանկյանն ու Դարոն Մալաքյանը պատահաբար հանդիպել են ձայնագրման ստուդիայում: Կարճատև զրույցից հետո հասկանալի է դարձել, որ նրանց երաժշտական հետաքրքրությունները, քաղաքական և մշակութային ըմբռնումները համընկնում են: Շատ չանցած՝ որոշել են միասին ռոք խումբ ստեղծել, որն անվանել են՝ «Սոլի»: Խումբ են հրավիրել Դոմինգո Լարենոին (հարվածային գործիքներ) և Դեյվ Հակոբյանին (բաս-կիթառ): Սակայն ընդամենը մի համերգից հետո Դոմինգոն և Դեյվը լքել են խումբը: Ապա խումբ են հրավիրել Էնդի Խաչատուրյանին, ով նույն երաժշտական դպրոցից է եղել, որը հաճախել էին Սերժը և Դարոնը: Շավո Օդաջյանը, ով պետք է լիներ խմբի մենեջերը, բասիստի բացակայության պատճարով դարձել է խմբի բաս-կիթառահարը: Սակայն «Սոլի» անունը դուր չէր գալիս Շավոյին և խնդիր է առաջանում խմբի նոր անուն մտածել, և Դարոնի գրած «Վիքթիմս Օֆը Դաուն» (Victims Of The Down) վեպի հիման վրա խմբի անունը 1994թ. դարձել է «Սիսթեմ Օֆը Դաուն» (System Of A Down): 1997թ. խումբը լքել է Էնդի Խաչատուրյանը, ում փոխարինեց Ջոն Դոլմայանը: Նույն թվականին էլ հայտնի երաժշտական պրոդյուսեր Ռիք Ռուբինի հետ անցել են իրենց առաջին «Սիսթեմ օֆը Դաուն» ձայնասկավառակի ձայնագրմանը, որի պրեմիերան կայացել է 1998թ. հունիսի 30-ին և 5 տարվա ընթացքում վաճառվել գրեթե մեկ միլիոն օրինակ: «Spiders» և «Sugar» երգերը դարձան ալբոմի հաջողակ երգերը, և 1998թ. զբաղեցրել են 25-րդ և 28-րդ տեղերը «Hot Mainstream Rock Tracks» հիթ-շքերթում: Խումբը շատ կարճ ժամանակում բավականին մեծ համբավ է ձեռք բերել, նույնիսկ գերազանցել է տարածաշրջանի ամենահայտնի խմբերին: Խումբը բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006թ. ճանաչվել է լավագույն ռոք խումբ: Ձայնագրել է «System Of A Down» (1998թ.), «Toxicity» (2001թ.), «Steal This Album!» (2002թ.), «Mezmerize» (2005թ.), «Hypnotize» (2005թ.) ձայնասկավառակները և վաճառել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրություն:
  
Նրանց երգերը բազմիմաստ են, սակայն բոլորն էլ շոշափում են աշխարհի արդի խնդիրները: Երգերի մեծամասնությունը ունի քննադատական բնույթ: Նրանք երգում են մարդկանց մտահոգող խնդիրների մասին և այդ խնդիրների շարքում տեղ են գտել Հայոց Ցեղասպանության (1915թ.) մասին երգերը (Holy Mountain, P.L.U.C.K.), որոնցով նրանք դատապարտում են Թուրքիայի կառավարությանը և պահանջում արդարության վերականգնում: Հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ իշխանությունների անտարբերությունն ու կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը: Հատկանշական է նաև խմբի մոտեցումը Հայոց Ցեղասպանությանը (1915թ.), օրինակ՝ «Spiders» (Սարդեր) երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային: Խմբի անձնակազմը նույնիսկ բարեգործական և քարոզչական միջոցառումներ է կազմակերպել հօգուտ ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ-ում և ընդհանրապես շատ ակտիվ մասնակից է «Հայկական հարցի» որոշման գործնթացում, ինչի մասին խոսում են այդ կապակցությամբ կազմակերպված նրանց բազմաթիվ հարցազրույցներն ու համերգարշավները: 2005թ. միջազգային շրջագայության ժամանակ խումբը հանդես է եկել ռեժիսոր Քարլա Կարապետյանի Հայոց Ցեղասպանության (1915թ.) և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող «Ճչացողները» (Screamers) փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է Սերժ Թանկյանի պապիկի` ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից: 2006-10թթ խումբը անորոշ ժամկետվ դադարել է գործունեությունը, սակայն 2010թ. կրկին վերամիավորվել է և սկսել ձայնագրություններն ու համերգային շրջագայությունները: Նկարահանել է ավելի քան 15 տեսահոլովակ: Խումբը հաճախ անվանում են «SOAD» կամ «Սիսթեմ»: 4 անգամ ներկայացվել է «Գրեմի» մրցանակի, իսկ 2006թ. արժանացել է՝ որպես «Լավագույն հարդ-ռոք ելույթ»: Արժանացել է նաև բազմաթիվ այլ մրցանակների, որոնցից են՝ «MTV Europe Music Award»-ի «Լավագույն ալտերնատիվ խումբ» (2005թ.), «Echo» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ալտերնատիվ խումբ» (2006թ.), Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն ռոք խումբ» (2007թ.), «mtvU Woodie Awards»-ի «The Good Woodie» (2009թ.) և այլն: 2015թ. խումբը համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում, իսկ ապրիլի 23-ին մեծ համերգով ներկայացել է Երևանի Հանրապետության Հրապարակում՝ Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

 

  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար