Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Պետական, ռազմական գործիչ, հրապարակախոս

1 հունվար, 1886 - 21 դեկտեմբեր, 1955

Գարեգին Տեր-Հարությունյան

Ծնվել է Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Գյուզնութ) գյուղում։ Սովորել է Նախիջևանի ռուսական 7-ամյա դպրոցում, ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում և Պետերբուրգի համալսարանի իրավաբանության բաժնում: 1907թ. ավարտել է Սոֆիայի սպայական դպրոցը, ընդունվել ՀՅԴ կուսակցության շարքերը, որից հեռացել է 1937թ.: 1908թ. վերադարձել է Կովկաս: 1909թ. ցարական ոստիկանությունը ձերբակալել է նրան (զենք տեղափոխելու համար), 1912թ. ազատվել է բանտից և մեկնել Բուլղարիա: Մասնակցել է Բալկանյան 1-ին պատերազմին (1912-13թթ). Անդրանիկի հետ կազմավորել է հայկական կամավորական վաշտ (271 զինվոր) և բուլղարական բանակի կամավորական միավորման կազմում կռվել թուրքերի դեմ, որի համար պարգևատրվել է «Սպայական քաջության խաչ» շքանշանով: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18թթ) ժամանակ նշանակվել է կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրոյի (Դրաստամատ Կանայան) տեղակալ, 1916թ.՝ կամավորական գնդերը ցրելուց հետո, անցել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի): 1918թ. հեծյալների հարյուրյակով մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին (մայիսի 24-28-ը): Հայաստանի Հանրապետության (1918-20թթ) հռչակման առաջին օրվանից զբաղվել է ազգային բանակի կազմավորման և ուսուցման աշխատանքով: 1919թ. հոկտեմբերից եղել է Զանգեզուրի (ներկայիս ՀՀ Սյունիքի մարզի տարածքը) զինված ուժերի հրամանատարը, որոնք նոյեմբերին կազմակերպված դիմադրություն են ցույց տվել թուրք-թաթարական զորքերին: 1920թ. հուլիսին 11-րդ Կարմիր բանակի դեմ իր փոքրաթիվ ուժերով մի քանի շաբաթ անհավասար մարտեր է մղել Կապանի պաշտպանության համար: 1920թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը պետք է ժամանակավորապես վերահսկեին խորհրդային ուժերը՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի (ապրիլի 28-ից՝ խորհրդային) միջև վիճելի տարածքների պատկանելության հարցի խաղաղ ճանապարհով լուծումը: Սակայն Զանգեզուրի ժողովուրդը՝ նրա գլխավորությամբ, չի ճանաչել այդ համաձայնագիրը: 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերին ազատագրել է Կապանը, Սիսիանը և Գորիսը: Դեկտեմբերի 25-ին հռչակվել է Սյունիքի ինքնավարությունը, Նժդեհն ընտրվել է Սյունյաց սպարապետ: 1921թ. ապրիլի 26-ին Տաթևի վանքում գումարված համազանգեզուրյան երկրորդ համագումարն Ինքնավար Սյունիքը հռչակել է անկախ Լեռնահայաստանի Հանրապետություն, Նժդեհն ընտրվել է վարչապետ և արտաքին գործերի ու զինվորական նախարար: 1921թ. հուլիսի կեսերին, Սյունիքը Խորհրդային Հայաստանին միացնելու երաշխիքներ ստանալուց հետո, Նժդեհը փոքր զորախմբով անցել է Իրան, 1922թ. մեկնել Սոֆիա: 1923թ. լինելով Բուխարեստում, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է եկել «Իմ խոսքը-Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով։ Այդ տարիներին հանգամանալից անդրադարձել է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-25թթ ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։ 1924-25թթ հրապարակումներ է ունեցել Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում։ Մասնավորապես, 1924թ. այստեղ տպագրվել են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսել առանձին գրքույկով, Կահիրեում։ 1926թ. հանդես է եկել Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» թերթում, ուր տպագրվել է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը: 1932-34թթ բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ մշակել է Ցեղակրոն վարդապետությունը և սկզբնավորել համանուն շարժումը: 1935թ. հրատարակել է «Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը» աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային։ 1937թ. Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում հրատարակել է «Ռազմիկ» ազգայնական թերթը, իսկ Սոֆիայում՝ «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին: 1937-38թթ, Հ.Ասատրյանի, Ն.Աստվածատուրյանի և այլոց հետ նախաձեռնել է Տարոնական շարժումը, իսկ 1938-39թթ հրատարակել շարժման պաշտոնաթերթը՝ «Տարոնի Արծիվ»-ը: 1944թ. սեպտեմբերին խորհրդային բանակի` Բուլղարիա մտնելուց հետո՝ հոկտեմբերի 10-ին, նա ձերբակալվել է. նրան տեղափոխել են Բուխարեստ, ապա՝ Մոսկվա, և բանտարկել Լուբյանկայի բանտում: 1946թ. նոյեմբերին ուղարկել են Երևան (ԽՍՀՄ-Թուրքիա ենթադրվող պատերազմում օգտագործելու նպատակով), դատապարտել 25 տարվա բանտարկության: 1948թ. տեղափոխել են Ռուսաստանի Վլադիմիրի բանտ, որտեղ և վախճանվել է ու թաղվել բանտին կից գերեզմանատանը: 1983թ. նրա աճյունը գաղտնի տեղափոխվել է Երևան, որից մի մասունք ամփոփվել է Խուստուփի լանջին (2001թ. կանգնեցվել է կիսանդրին), աճյունը 1987թ.՝ Սպիտակավոր Սբ. Աստվածածին վանքի բակում (ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ): 2005թ. ապրիլի 26-ին աճյունի մի մասը զինվորական պատիվներով վերաթաղվել է Կապանում, որտեղ ստեղծվել է Նժդեհին նվիրված հուշահամալիր: 2001թ. Երևանում լույս է տեսել Նժդեհի երկերի «Հատընտիր» ժողովածուն, 2002թ.՝ երկհատորյակը: Հայաստանի առաջին հանրապետությունը Նժդեհին պարգևատրել է «Մեծն Վարդան», Լեռնահայաստանի Հանրապետությունը՝ «Խուստուփի արծիվ» շքանշաններով: Գարեգին Նժդեհի անունով Երևանում կոչվել են դպրոց, հրապարակ, փողոց, մետրոպոլիտենի կայարան, Գյումրիում` փողոց, հրապարակ, որտեղ և կանգնեցվել է նրա հուշարձանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար