ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ

Բժիշկ, բնագետ, փիլիսոփա

1120 - 1200

Ծնվել է Պարսկահայքի Հեր գավառում (այժմ՝ Իրանի Խոյ քաղաք)։ Եղել է հայ դասական բժշկության հիմնադիրը։ Պատանեկան տարիքում հաստատվել է Կիլիկյան Հայաստանում, որտեղ ստացել է մասնագիտական հիմնարար կրթություն: Այնուհետև Սիսում և Հռոմկլայում կաթողիկոսներ Ներսես Շնորհալու, ապա Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ ծավալել է բժշկի ու գիտնականի իր գործունեությունը։ Տիրապետել է հունարենին, արաբերենին, պարսկերենին: 12-րդ դարի 60-ական թվականներին արդեն մեծ հռչակ է վայելել, շրջել է երկրից երկիր, ուսումնասիրել բժշկության հայր Հիպոկրատի, արևելքի մեծանուն բժշկապետ Ավիցեննայի աշխատությունները, ճանաչել տարատեսակ բույսերի բուժիչ հատկությունները, դրանք փորձարկել տարբեր հիվանդությունների ժամանակ: 12-րդ դարի 80-ական թվականներին ձեռնամուխ է եղել «Ջերմանց մխիթարություն» (հրատարակվել է 1832թ.) գրքի շարադրմանը: Նա գիրքն այդպես է անվանել, որպեսզի այն մխիթարի բժշկին՝ ուսմամբ, իսկ հիվանդին՝ առողջությամբ: Աշխատության մեջ անդրադարձել է Դաշտային Կիլիկիայի ճահճոտ վայրերում լայնորեն տարածված տենդային հիվանդությունների դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության, կանխարգելման և բուժման հարցերին: Տենդային հիվանդությունները բաժանել է 3 խմբի՝ «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ անող»: Հետաքրքիր է նրա տեսությունը հատկապես «բորբոսային» տենդի մասին, ըստ որի` այդ տենդը վարակիչ է, իսկ նրա պատճառը մարդու արյան և մյուս հեղուկների մեջ գոյացող «բորբոսն» է, որը, կուտակվելով որևէ օրգանում, առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը: Ժամանակակից պատկերացումներով` դա վարակական շարժընթացի դիպուկ նկարագրություն է, ինչը նա տվել է մանրէների հայտնագործումից շատ առաջ: «Բորբոսային» տենդերի խմբում նկարագրել է դողէրոցքը, տիֆային և արյունավարակական հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը, կարմրուկը, տիֆը: Տենդային հիվանդությունների նրա դասակարգումը հենվում էր ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա: Մշակել է բուժման համալիր մի համակարգ, որը հիմնված էր դեղաբուժության (հատկապես՝ բուսաբուժության), սննդաբուժության և ֆիզիկական եղանակների վրա: Լուրջ ուշադրություն է դարձրել նաև հոգեբուժման (պսիխոթերապիա) եղանակներին, ներշնչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաև երաժշտությունը: Բժշկապետի «Ջերմանց մխիթարությունը» երկար դարեր լավագույն ձեռնարկ-դասագիրքն է եղել հայ բժիշկների և բժշկություն սովորողների համար: Մեծ աշխատանք է կատարել նաև հայ բժշկական տերմինների ստեղծման ուղղությամբ, որոնց մի մասը ցայսօր գործածվում է: 1908թ. «Ջերմանց մխիթարությունը» գերմաներեն է թարգմանել Էռնեստ Զայդելը: Այնուհետև երկը թարգմանվել է մի շարք այլ լեզուներով և հայտնի դարձել եվրոպական գիտությանը: Մահացել է Պարսկաստանում: Մխիթար Հերացու անունով կոչվել են փողոցներ Երևանում ու Վանաձորում, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանը (1989թ.): ՀՀ-ում սահմանվել է Մխիթար Հերացու մեդալ: