ՎԱԼԵՆՏԻՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Երաժշտագետ

17 դեկտեմբեր, 1937 - 28 դեկտեմբեր, 2017

Ծնվել է Երևանում: 1958թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի փողային բաժնի շեփորի դասարանը (ղեկավար` Աշոտ Կարապետյան), 1967թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի փողային ամբիոնի շեփորի դասարանը (ղեկավար` Միքայել Խաչատրյան): 1962-67թթ աշխատել է Երևանի «Նաիրի» կինոթատրոնի ջազ նվագախմբում, ապա` «Երևան» փողային նվագախմբում` որպես շեփորահար: Մասնակցել շուրջ 100 համերգի: 1967-77թթ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախմբում` որպես շեփորահար: Նվագախմբի կազմում բազմաթիվ ձայնագրություններ է կատարել և մասնակցել ավելի քան 200 համերգի: 1978-89թթ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է «Փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա»: 1977-2006թթ աշխատել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության երաժշտական մեկնաբան, ավագ խմբագիր: Հեղինակել է ավելի քան 4000 ռադիոծրագիր, ինչպես նաև 120 ռադիոծրագիր Մոսկվայի «Օստանկինո» և 250 ռադիոծրագիր «ՎԷՄ» ռադիոկայաններում: 1992թ-ից ԵՊԿ-ում դասավանդել է «Փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա»: 2000թ-ից աշխատել է «Երաժշտական Հայաստան» երաժշտական ամսագրում` որպես պատասխանատու քարտուղար, 2004թ-ից՝ ԵՊԿ-ում` որպես հրատարակչության բաժնի վարիչ, «Երաժիշտ» ամսաթերթի և ուսումնամեթոդական աշխատությունների ժողովածուի խմբագիր: 2004թ. նրան շնորհվել է ԵՊԿ դոցենտի կոչում: 2011թ. ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում պաշտպանել է «Նվագախմբային փողային գործիքները և դրանց կատարողականությունը Հայաստանում» թեկնածուական ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակել է գիտական բազմաթիվ գրախոսականներ, հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում: Նրա գիտական, վերլուծական, քննադատական և հրապարակախոսական ավելի քան 1000 հոդված է տպագրել «Սովետական Հայաստան», «Սովետական արվեստ», «Երեկոյան Երևան», «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Գեղարվեստ», «Ուրբաթ», «Եթերում է Երևանը», «Եթեր», «TV Channel», «Ալիք», «Արարատ», «Երաժիշտ», «Զրուցակից», «Երաժշտական Հայաստան», «Музыкальная Академия» (Մոսկվա), «Գրականութեան և Արուեստներու» և «Շիրակ» (Հալեպ) պարբերականներում և ամսագրերում: 1960թ-ից եղել է Հայաստանի թատերական գործիչների միության, 1980թ-ից՝ Հայաստանի երաժշտական ընկերության, 1981թ-ից՝ Հայաստանի ժուռնալիստների, 2015թ-ից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Հրատարակվել են նրա «Կյանքի ուրվագիծ. Միքայել Խաչատրյան» (2004թ.), «Փողային և հարվածային գործիքներ» (2011թ.), «Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն» (2014թ.), «Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» (2014թ.) աշխատությունները: 2005թ. արժանացել է Հայաստանի ռադիոյի «Ոսկե գրիչ» հատուկ մրցանակին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար