
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

23 մարտ, 1922 - 3 փետրվար, 2004
Արտուշ Մաթևոսյան
Ծնվել է Հայաստանի Տուֆաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): Արուճում դպրոցն ավարտելուց հետո, 1937-40թթ ուսանել է Վաղարշապատի մանկավարժական ուսումնարանում, ապա զորակոչվել բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1947-51թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, ապա ասպիրանտուրան։ 1959թ-ից աշխատել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, ուր աշխատել է մինչև կյանքի վերջը։ Շուրջ 20 տարի աշխատելով ձեռագրատանը, վարել է Մատենադարանի գլխավոր ավանդապահի պաշտոնը և խորությամբ ուսումնասիրելով հայերեն ձեռագրերը, դարձել այդ ոլորտի առավել ճանաչված մասնագետներից մեկը։ 1970թ. պաշտպանել է դիսերտացիա «Մեծոփավանքի գրչության կենտրոնը» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, այնուհետև ԽՍՀՄ ԲՈՀ-ից ստացել է ձեռագրագետի (կոդիկոլոգ) կոչում։ Կազմել է աշխարհի բոլոր հայերեն ձեռագրերի համահավաք քարտարան (ամփոփում է շուրջ 50.000 քարտ), դրա հիման վրա՝ հայ գրչության կենտրոնների քարտեզ։ Զբաղվել է հայ գրչության կենտրոնների (Մոկաց Սարի Սբ. Գևորգ, Մեծոփավանք, Քաջբերունիք, Լիմ, Հաղբատ, Սանահին, Անի, Գլաձոր, Երևան և այլն), հնագույն և հայտնի մատյանների (Լազարյան Ավետարան, Էջմիածնի Ավետարան, Վեհամոր Ավետարան, Վեհափառի Ավետարան, Մողնու Ավետարան, Թարգմանչաց Ավետարան, Հեթումի Ճաշոց և այլն) ուսումնասիրությամբ։ Անդրադարձել է մաշտոցյան գրերի ստեղծման, գծագրական հորինվածքի, գրատեսակների խնդիրներին։ Հայագիտական բացառիկ նորություն էր Կորյունի «Մաշտոցի վարքում» երկու կից թղթերի տեղերի շփոթման հետևանքով առաջացած թյուրիմացության բացահայտումը։ Նրան հաջողվել է նախ վերականգնել Կորյունի մատյանի նախնական օրինակի մանրակերտը, ապա բացահայտել դեռևս 5-րդ դարում մատյանի կազմման ժամանակ տեղի ունեցած երկու թղթի սխալ տեղադրումը, որը նաև իմաստային անհամապատասխանություն է առաջացրել։ Այս հայտնագործության շնորհիվ պարզ դարձավ, որ այսպես կոչված Դանիելյան գրերը ոչ մի դեր չեն կատարել հայոց գրի ստեղծման պատմության մեջ։ Գիտական նորություններ էին նաև նրա ուսումնասիրություններն Անանիա Շիրակացու «Քննիկոնի» և Մովսես Խորենացու պատմության Չորրորդ գրքի վերաբերյալ։ Հրատարակել է «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ Ե-ԺԲ դդ» ժողովածուների առաջին երկու հատորը՝ 5-12-րդ և 13-րդ դարեր, հայերեն հնագույն թղթե ձեռագիրը (981թ.) երկու ստվար հատորով և այլն։ Սբ. Էջմիածնի հոգևոր ճեմարանում դասավանդել է ձեռագրագիտություն, հնագրություն, հայ դպրոցների պատմություն։ 1997թ. արժանացել է Հայ Եկեղեցու «Ս. Սահակ և Ս. Մեսրոպ» շքանշանին։ Մահացել է Երևանում: