ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Բանասեր, դրամատուրգ

8 հունիս, 1920 - 31 դեկտեմբեր, 2012

Ծնվել է Իրանի Փերիա Գավառի Վերին Խոյգան գյուղում։ Մինչ 13 տարեկան սովորել է Սբ. Հովհաննես եկեղեցու թաղական դպրոցում, որից հետո մեկնել է Նոր Ջուղա, սովորել տեղի հայոց ազգային երկսեռ դպրոցում, ապա կրթությունը շարունակել Սպահանի անգլիական դպրոցում։ Վաղ տարիքից գրել է բանաստեղծություններ։ Նրա առաջին բանաստեղծությունն լույս է տեսել 1938թ.՝ դեռահասների համար նախատեսված ամսագրում։ 1940թ-ից իր անվամբ և «Նժդեհ» ու «Մասիս» կեղծանուններով սկսել է  բանաստեղծություններ, գրաքննադատական, հետազոտական ու լրատվական հոդվածներ հրատարակել հայալեզու թերթերում։ «Ալիք» օրաթերթում հրատարակել է ավելի քան 900 հոդված։ 21 տարեկանից անդամակցել է Հայ հեղափոխական դաշնակցությանը։ 1942-52թթ որպես ուսուցիչ աշխատել է Փերիայի տարբեր շրջաններում՝ դասավանդելով հայոց լեզու և պատմություն։ Ապա որպես ուսուցիչ և վերահսկիչ աշխատել է Ջուղայի ազգային դպրոցներում: Մի քանի համախոհ երիտասարդի հետ գյուղում հիմնել է Խաչատուր Աբովյանի անվան գրադարան, որը 22 տարի աշխատել է գյուղում նրա տանը։ 1957թ. վարել է Նոր Ջուղայի Սբ. Ամենափրիչ վանքը։ 1960-63թթ որպես ազատ ունկընդիր մասնակցել է Սպահանի համալսարանի հայոց լեզվի և գրականության դասընթացներին։ 1967թ-ից եղել է Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանի տնօրինը, 1972թ-ից՝ վանքի տպարանի վերահսկողության աշխատանքների տնօրենը։ Հեղինակել է ավելի քան 80 գիրք հայերեն և պարսկերեն լեզուներով, որից 35-ը նվիրված է Նոր Ջուղային: Նրա ամենակարևոր գործերից է «Պատմություն Նոր Ջուղայի և Փերիա գավառի» գիրքը, որի համար արժանացել է Լիբանանի «Գևորգ Մելիտինեցի» գրական մրցանակի։ 1997թ. Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնի կողմից արժանացել է 1996-97թթ «Տարվա մարդ» կոչման, 2000թ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի կողմից՝ «Կիլիկյան ասպետ» շքանշանի, 2001թ.՝ Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտի անվան շքանշանի, 2012թ.՝ ՀՀ Սփյուռքի նախարարության Վիլիամ Սարոյանի անվան մեդալի։ Պարգևատրվել է նաև «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և Նոր Ջուղայի բարեգործական ընկերակցության մեդալով: Մահացել է Նոր Ջուղայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար