ԱՐՇԱԿ ՄԱԴՈՅԱՆ

Գրող, պատմաբան

24 հունվար, 1861 - 29 մարտ, 1934

Ծնվել է Ախալքալակում: Հայտնի է եղել նաև «Սեյլան» անունով: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սովորել է Վենետիկում։ Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանից ստացել է առաջին կարգի ուսուցչի վկայագիր։ 1886թ-ից եղել է Սասունում, հիմնել նոր տիպի ուսումնարաններ, պաշտոնավարել է Զմյուռնիայում (Իզմիր), Կարինում (Էրզրում), Տրապիզոնում։ 1910թ. եվրոպացի մի խումբ գիտնականների հետ բարձրացել է Մասիսի գագաթը։ 1920-24թթ ուսուցչություն է արել Ջավախքում, Ծալկայում, Մանգլիսում։ Ղեկավարել է Ախալքալակի գավառի հնագիտական կայանի աշխատանքները։ Գրի է առել ժողովրդական ավանդություններ և տպագրել մամուլում՝ Ալևույթ, Սիլվան ստորագրություններով։ Հեղինակել է «Բախտի մէկ խաղը» (1890թ.), «Խան-Միրան» (1892թ.), «Հայթաֆիրատ» (1904թ.), «Լեոն կայսր» (1904թ.) գրքերը։ Կորած երկերից է «Ֆերիտեն», որը ազգային կուսակցությունների կազմավորման ու պայքարի առաջին տարիների պատմությունն էր։ Մահացել է Ախալքալակում: