ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

14 դեկտեմբեր, 1879 - 10 փետրվար, 1950

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Երաժշտական ճաշակի ձևավորման գործում էական դեր է խաղացել Շիրակի, մասնավորապես Ալեքսանդրապոլի երաժշտական կենցաղը, հայկական ժողովրդական և գուսանական երաժշտության առանձնահատկությունների խոր յուրացումը: 1894թ. տեղափոխվել է Թիֆլիս, 1902թ. ավարտել երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի և Ն.Կլենովսկու երաժշտության տեսության դասարանները: Կոմպոզիցիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1902թ. վերադարձել է Ալեքսանդրապոլ, կազմակերպել քառաձայն ժողովրդական երգչախումբ, որի հետ համերգներ է տվել Ալեքսանդրապոլում, Կարսում, Թիֆլիսում, Բաքվում՝ պրոպագանդելով հայկական ժողովրդական երաժշտությունը: Այդ շրջանին են վերաբերում կոմպոզիտորի առաջին ստեղծագործությունները՝ «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սև աչերեն» երգերը Ա.Իսահակյանի խոսքերով (1903թ., 1906թ., 1907թ.), հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումներ, «Անուշ» օպերան (1908-12թթ): Օպերայի առանձին հատվածներ ներկայացվել են 1908թ., Թիֆլիսում: «Անուշ»-ի առաջին բեմադրությունը կայացել է 1912թ. օգոստոսի 4-ին, Ալեքսանդրապոլում՝ սիրողների ուժերով, այնուհետև բազմիցս կատարվել Ռուսաստանի և Կովկասի քաղաքներում: 1913թ. հաստատվել է Թիֆլիսում, եղել Հայոց երաժշտական ընկերության ակտիվ մասնակիցը, դասավանդել Հովնանյան դպրոցում, համերգներ տվել իր երկերից կազմված ծրագրով: Գրել է նոր ստեղծագործություններ, այդ թվում՝ երաժշտություն «Լեյլի և Մեջնուն» դրամայի համար (1915թ., բեմադրվել է 1918թ., Թիֆլիսում, Հովսեփ Ոսկանյանի խմբի ուժերով), «Արևելյան պար» սիմֆոնիկ նվագախմբի համար, խմբերգեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ: Կոմպոզիտորի ստեղծագործության հաջորդ շրջանն ընթացել է սովետական իրականության պայմաններում: Կոմպոզիտորն իր եռանդը նվիրաբերել է Հայաստանի և Վրաստանի երաժշտական մշակույթի զարգացմանը: 1920-30-ական թվականներին գրել է մի շարք մասսայական երգեր («Գյուղ», «Հեյ ջան, ջան», «Գարնանացան» և այլն), սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար՝ «Կանտատ Հայաստանի խորհրդայնացման 15-րդ տարեդարձին» (Գ.Սարյանի խոսքերով, 1936թ.), ակապելլա երգչախմբի համար՝ «Արյունոտ գիշեր» կանտատը (նվիրված Բաքվի 26 կոմիսարների հիշատակին, ըստ Վ.Ալազանի բալլադի, 1936թ.), դաշնամուրային պիեսներ՝ Սյուիտ հայկական պարերից, ֆանտազիա «Շիրակ Զմրուխտի» և այլն: 1930-ական թվականներին հիմնականում զբաղվել է «Անուշ» օպերայի մշակմամբ, կատարել է փոփոխություններ, հավելումներ, վերանայել օպերայի գործիքավորումը: Երևանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշ»-ը առաջին անգամ բեմադրվյել է 1935թ. մարտի 27-ին, 1939թ.՝ մեծ հաջողությամբ ցուցադրվել Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականության տասնօրյակի ընթացքում: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին կոմպոզիտորն ստեղծել է մի շարք հայրենասիրական երգեր, «Պարային սյուիտ» նվագախմբի համար (1946թ.) և պատմահայրենասիրական «Դավիթ Բեկ» օպերան (ըստ Րաֆֆու վեպի, 1941-50թթ): «Դավիթ Բեկ»-ը կոմպոզիտորի տասնյակ տարիների ընթացքում մշակած ստեղծագործական սկզբունքների հաջող կիրառման փայլուն արտահայտությունն էր: Գաղափարական հագեցվածությամբ, քաղաքացիական պաթոսով, նպատակասլացությամբ, ռեալիզմով և երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ այն մի նոր քայլ էր հայկական օպերային արվեստում: Օպերայում գովերգվում են հայրենասիրությունը, հայրենիքի ազատության համար հերոսական սխրանքը, քաջությունն ու ազատասիրությունը: Մահից ոչ շատ առաջ կոմպոզիտորն ավարտել է օպերայի կլավիրը: Օպերան խմբագրել է դիրիժոր Գևորգ Բուդաղյանը, գործիքավորել Լ.Խոջա-Էյնաթյանը: «Դավիթ Բեկ» օպերայի առաջին բեմադրությունը կայացել է 1950թ., Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: Մեծ է եղել կոմպոզիտորի դերը հայկական օպերայի զարգացման գործում: Գրել է մի շարք դրամատիկական ներկայացումների երաժշտություն՝ «Գիքոր» (ըստ Հ.Թումանյանի), «Անահիտ» (ըստ Ղ.Աղայանի), «Նամուս» (ըստ Ա.Շիրվանզադեի), «Դավիթ Բեկ», «Սամվել» (ըստ Րաֆֆու) և այլն: Նրան են պատկանում Բիզեի «Կարմեն» և Վերդիի «Ռիգոլետտո» օպերաների լիբրետոների հայերեն թարգմանությունները: Պարգևատրվել է մի շարք պետական շքանշաններով: 1935թ. արժանացել է Հայաստանի, 1936թ.` Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար