ՖԵՐՈՒՀԽԱՆ ՔՐԹԻԿՅԱՆ

Բժիշկ, հրապարակախոս

18 հոկտեմբեր, 1824 - 15 հունիս, 1869

Բարունակ բեյ Ֆերուհխան Քռթիկյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Կրթությունն ստացել է Կ.Պոլսի Խասգյուղ թաղամասի դպրատանը և Սկյուտարի ճեմարանում: 1847թ. ավարտելով Կ.Պոլսի Կայսերական զինվորական բարձրագույն վարժարանը՝ որպես բժիշկ-ուղեկցորդ հատուկ ծառայության է մեկնել Թուրքիայի տիրապետության տակ գտնվող փոքրասիական կուսակալությունները, հայաբնակ գավառները, ծառայության է անցել Հայդարփաշայի և Մանասթըրի զինվորական հիվանդանոցներում: 1853-59թթ վարել է Մանասթըրի զինվորական հոսպիտալի բժշկապետի պաշտոնը։ Տասնամյա շրջագայության ընթացքում զբաղվել է բժշկությամբ, պատվաստումներով, իր նոթերն ու տպավորություններն ամփոփել «Ճանապարհորդություն ի Բաբելոն ընդ Հայաստան» աշխատությունում (հրտ.՝ 1876թ., Արմաշ)։ 1850-60-ական թվականներին Կ.Պոլսում զբաղվել է մանկավարժական և բժշկական աշխատանքով: 1855թ. օսմանյան կառավարությունը, գնահատելով նրա անձնվեր ծառայությունը, նրան շնորհել է միրալայի աստիճան և բեյի տիտղոս, այնուհետև տեղափոխել Շումնայում տեղակայված կայսերական զորաբանակ և նշանակել բժշկապետի պաշտոնում։ 1856թ. եղել է կայսերական բժշկական, 1858-59թթ՝ Հասարակաց կրթական ժողովների, 1860թ.՝ արքունի զինվորական բժշկական ժողովի, մալարիայի, խոլերայի դեմ պայքարող բժշկական հանձնաժողովի անդամ: 1865թ. հնդախտի համաճարակի վերացման նպատակով ստեղծված բժշկական հանձնաժողովի աշխատանքներին մեծապես աջակցելու համար սուլթանի կողմից արժանացել է Մեջիդիեի Գ կարգի պատվանշանի։ Ակտիվորեն մասնակցել է Ազգային սահմանադրության աշխատանքներին, ղեկավարել դրանք, ընտրվել Ազգային ընդհանուր ժողովի, Սահմանադրական առաջին ուսումնական խորհրդի ատենապետ։ Հեղինակել է բժշկամանկավարժական բազմաթիվ հոդվածներ, տեղեկագրեր, նաև թարգմանություններ (ֆրանսերենից)։ Կազմել է գրիպի, խոլերայի, տուբերկուլոզի վերաբերյալ տեղեկագրեր։ Մահացել է Կոստանդնուպոլսում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար