ՏԻՐԱՅՐ ՎԱՐԴԱՊԵՏ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

21 ապրիլ, 1867 - 29 մարտ, 1956

Տիգրան Տեր-Հովհաննիսյան, Մելիք-Մուշկամբարյան

Ծնվել է Հայաստանի Նորշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում): Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դասախոսություններ է լսել Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, տեղի հոգևոր ակադեմիայում, կայսերական հնագիտական ինստիտուտում։ 1910թ. ավարտել է Սորբոնի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1890թ-ից եղել է Էջմիածնի միաբանության անդամ։ 1916թ. ձեռնադրվել է ծայրագույն վարդապետ, 1917թ.՝ եպիսկոպոս։ 1895թ-ից եղել է Մոսկվայի և Պետերբուրգի հայկական եկեղեցիների տեսուչ, 1915-21թթ՝ Էջմիածնի Մայր աթոռի դիվանապետը, 1921-28թթ՝ Հյուսիսային Ամերիկայի հայոց առաջնորդը, 1916-18թթ՝ «Արարատ» ամսագրի խմբագիրը և այլն։ Ուսումնասիրել է Արևմտյան Եվրոպայի գրադարաններում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերը, պատրաստել մի քանիսի վերլուծական ցուցակները («Ցուցակ հայ ձեռագիրների Օքսֆորդի Բոդլեյան գրատան», «Ցուցակ հայ ձեռագիրների Մանչեստրի Ջ.Ռայնոլդս գրատան», «Ցուցակ հայ ձեռագիրների Բրյուսելի արքայական գրատան»), որոնք, թեպետ անտիպ, որոշակի նպաստ են բերել հայագիտությանը և օգտագործվում են առ այսօր (պահվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Հայտնաբերել է Ֆրիկի ստեղծագործությունները և հրատարակության պատրաստել դրանց գիտաքննական բնագրերը՝ ընդարձակ ուսումնասիրությամբ ու հավելվածներով։ Երկն արժանացել էր ռուսական ակադեմիայի մրցանակին, բայց առաջին համաշխարհային պատերազմի (1914-18թթ) պատճառով չհրատարակվեց, լույս տեսավ միայն 1952թ., Նյու Յորքում, «Ֆրիկ. Դիվան» խորագրով։ Մինչ այդ նույն ժողովածուի բնագրերի սևագիր տարբերակն օգտագործվել էր «Ֆրիկ. Բանաստեղծություններ» (1941թ., կազմ.՝ Մ.Մկրյան և Է.Թորոսյան) գրքում։ Գիտնականը հայագիտական հոդվածներով և մատենագիտական հուշարձանների հրապարակումներով հանդես է եկել «Արարատ» (Մանվել Կյումուշխանեցի, «Համառօտութիւն ծննդեան և դիպուածոց... պատմաբանիս», 1915-17թթ համարներում), «Խրիստիանսկի Վոստոկ», «Ողբ Անի քաղաքի» (1914թ.) և այլ պարբերականներում։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Ա.Կոնան Դոյլի «Բանակն ինչպես ազատեցի» (1904թ.), Ջ.Բայրոնի «Մանֆրեդ» (1913թ.) և այլ գործեր։ Թողել է բազմաթիվ անտիպ աշխատություններ («Ուղղումներ Րաֆֆիի «Խամսայի մելիքություններ» գրքի», «Հռոմեական պատմությունն աղբյուր յուր մշակույթի», 4 հ. և այլն), թարգմանություններ (Ջ.Բայրոնի «Կայեն»-ը և «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը», Հ.Իբսենի «Վայրի բադը», Վ.Հյուգոյի «Դարերի զրույցը» և այլն), բառարան («Գավառականի բառարան»), որոնց բնագրերի մի մասը պահվում է Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար