ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐ

Հայագետ, հնագետ, պատմաբան

11 փետրվար, 1884 - 2 հուլիս, 1942

Աշխարհբեկ Լոռիս-Մելիք Քալանթար

Ծնվել է Հայաստանի Արդվի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում), Լոռիս Մելիք և Արղության (մոր կողմից) ազնվական ընտանիքում: 1903թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1906թ.՝ երրորդ արական գիմնազիան, 1911թ.՝ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը (հայ-վրացական բանասիրության և պատմության բաժին)՝ աշակերտելով Ն.Մառին և ականավոր այլ արևելագետների։ Ուսանողական տարիներից մասնակցել է Անիի պեղումներին և վիմագիր արձանագրությունների հավաքմանը։ 1917թ., ստիպված հեռանալով Անիից, փրկել է քաղաքի հնագիտական հավաքածուների այն մասը, որն այժմ պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում։ 1917թ. Ն.Ադոնցի հետ գործուղվել է Վան՝ քաղաքում և շրջակայքում սեպաձև արձանագրություններ ուսումնասիրելու և նորերը հայտնաբերելու համար (փրկել է գիտական կարևոր նշանակություն ունեցող նյութեր)։ 1920թ., երբ Անիում աշխատելու կարճատև հնարավորություն է ստեղծվել, նրա գլխավորած արշավախումբը չափագրել և լուսանկարել է Անիի (Տեկոր, Ալաման, Նախճավան, Բագարան, Մրեն, Խծկոնք, Արջո-Առիջ, Ջալալ, Ագարակ) շատ հուշարձաններ, ընդօրինակել վիմագիր արձանագրություններ. նրա օրագիրը հրատարակվել է 1994թ. (անգլերեն) և 2007թ. (հայերեն) պարունակում է վերջին վկայությունները ներկայումս մասամբ կամ ամբողջովին ավերված այդ հուշարձանների։ 1921թ. Թիֆլիսից Երևան է փոխադրել Մշո Սբ. Առաքելոց վանքի նշանավոր դուռը, ինչպես նաև Անիի հնադարանի դրամական ժողովածուն, հայերեն արժեքավոր ձեռագրեր։ Մասնակցել է հայ ազատագրական շարժմանը (1915թ.) Հայ կամավորական գնդի կազմում, որպես Անդրանիկ Օզանյանի թարգմանիչ և խորհրդական՝ փոխգնդապետի կոչումով, ճանապարհին ուսումնասիրել Խոյի շրջակա պատմական հուշարձանները։ Աշխատությունները վերաբերում են Հայաստանի պատմահնագիտական բազմաթիվ հարցերի (հին քարի դարաշրջանից մինչև միջնադար ներառյալ), արվեստի և ճարտարապետության հուշարձանների, վիմագիր արձանագրությունների, ժայռապատկերների լուսաբանմանը. 1923թ. հրատարակել է «Հնագիտություն, մասն 1, նախապատմական հնագիտություն» ուսումնական ձեռնարկը։ «Քարե դարը Հայաստանում» աշխատությունը (1925թ.) ամփոփում է Արագածի լանջերին նրա կատարած հետազոտությունների արդյունքները։ 1931թ. գլխավորել է հին Վաղարշապատի (մասնավորապես՝ Զվարթնոցի ու Հռիփսիմեի մերձակայքի) հնագիտական պեղումները, որոնց արդյունքները նա հրատարակել է «Հին Վաղարշապատի պեղումները» գրքում (1935թ.)։ Նրա «Հայ վիմագիր արձանագրություններ. Վանստան (Իմիրզեկ)», «Երևանի կաթողիկեն» և մի շարք այլ աշխատություններ անտիպ են (դրանց մի մասը պահպանվում է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արխիվում)։ 1919թ. եղել է Երևանի պետական համալսարանի յոթ հիմնադիր դասախոսներից, ուր նաև ստեղծել է հնագիտության և արևելագիտության ամբիոնը։ 1922թ. հրատարակել է հնագիտության առաջին հայերեն դասագիրքը։ Մինչ այդ՝ 1918-19թթ դասախոսել է Թիֆլիսի Անդրկովկասյան համալսարանում, ընդգրկվելով հայկական համալսարանի հիմնադրման հանձնաժողովի կազմում։ 1929թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1919թ. Ալեքսանդր Թամանյանի, Մարտիրոս Սարյանի հետ միասին հիմնադրել է Հնությունների պահպանության կոմիտեն, երկար տարիներ պաշտոնավարելով որպես գիտնական քարտուղար՝ համակարգելով հնագիտական աշխատանքները։ 1919-37թթ ղեկավարել է 30-ից ավելի արշավախմբեր ու պեղումներ, իբրև հմուտ մանկավարժ պատրաստել ու կրթել մասնագետների մի քանի սերունդներ։ 1931-33թթ Ա.Թամանյանի հետ համառ պայքար է մղել Երևանի երկու եկեղեցիների՝ Պողոս-Պետրոսի և Կաթողիկեի քանդման դեմ, ապա դրանց քանդման ընթացքում կատարել կարևոր ուսումնասիրություններ։ 1935թ. նշանակվել է ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի (Արմֆան) գիտական խորհրդի անդամ։ Նրա բեղմնավոր գիտական և մանկավարժական գործունեությունն ընդհատվել է ստալինյան բռնաճնշման տարիներին՝ 1938թ. մարտին ձերբակալվել է համալսարանի մի խումբ դասախոսների հետ («պրոֆեսորների գործը»)։ Չորս տարի անցկացրել է ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: Մահացել է Սիբիրյան աքսորավայրում՝ անազատության մեջ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար