ԱԼԵՔՍԱՆԴՐ ՓԻՐՈՒՄՈՎ

Կոմպոզիտոր

6 փետրվար, 1930 - 20 հուլիս, 1995

Ծնվել է Թիֆլիսում: 1949թ. ավարտել է տեղի երաժշտական դպրոցի դաշնամուրային դասարանը: 1950-52թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ Էդվարդ Միրզոյանի դասարանում: 1956թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան՝ Դմիտրի Կաբալևսկու ստեղծագործական դասարանը։ 1962թ-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում (ստեղծագործություն և պոլիֆոնիա, 1984թ-ից՝ պրոֆեսոր)։ Հեղինակել է 5 սիմֆոնիա (1956-80թթ, 5-րդը՝ «Երգասացությունների համանվագ Սայաթ-Նովայի թեմաներով»), 4 լարային կվարտետ (2-րդում՝ օգտագործված է «Հավիկ» հայկական տաղի թեման), երգեհոնային պրելյուդներ (1967թ.), «Հոկտեմբերի օրերը» օրատորիան (ըստ Ջոն Ռիդի, 1967թ.), «Ռեքվիեմ մարտիկ եղբորս հիշատակին» (1975թ.), Ա.Պուշկինի, Մ.Լերմոնտովի, Վ.Մայակովսկու, Գ.Էմինի և այլոց խոսքելով խմբերգեր, ռոմանսներ և երգաշարեր, դաշնամուրի և նվագախմբի կոնցերտ-վարիացիաներ (1972թ.), դաշնամուրային սոնատ և սոնատիններ, «Պոլիֆոնիկ տեփր» (12 պրելյուդ և ֆուգա, 1983թ.) և այլն։ Նրա ստեղծագործությունն աչքի է ընկնում երաժշտական լեզվի համարձակ նորարարությամբ ու հնարամտությամբ, ձևի խիստ տրամաբանվածությամբ։ 1983թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար