ՍՏԵՓԱՆՈՍ ՌՈՇՔԱ

Բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ

12 օգոստոս, 1670 - 31 հոկտեմբեր, 1739

Ռոշքյան, Ստեփանյան, Կամենիցացի, Կամենացի, Լեհացի

Ծնվել է Ուկրաինայի Կամենից քաղաքում: 1713թ-ից եղել է եպիսկոպոս։ Սկզբնական կրթությունն ստացել է Կամենիցում և Լեոպոլսում (այժմ՝ Լվով)։ 1690թ. մեկնել է Հռոմ, 1691թ. ընդունվել տեղի Ուրբանյան դպրատունը, որն ավարտելով՝ ստացել է փիլիսոփայության և աստվածաբանության վարդապետի աստիճան, ձեռնադրվել է քահանա, այնուհետև անցել Կ.Պոլիս, այստեղից էլ վերադարձել Կամենից։ Անձամբ ծանոթ է եղել Խաչատուր Երզնկացու, Ներսես Երևանցու, Իսրայել Օրու հետ։ Որպես ավագերեց և կրոնական առաջնորդ պաշտոնավարել է լեհահայ եկեղեցիներում, զբաղվել հայ համայնքի լուսավորությամբ, նորոգել է Տրանսիլվանիայի և հայկական այլ բնակավայրերի եկեղեցիները։ 1815թ-ից եղել է լեհահայոց թեմի առաջնորդի տեղակալ։ Լեմբերգում, Կամենիցում, Ստանիսլավում ստեղծել է հայկական միություններ, հաստատել կանոններ։ Հայերենից ու լեհերենից բացի, տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին։ Պաշտոնավարմանը զուգընթաց զբաղվել է գիտության ու մշակույթի հարցերով։ Գրել է փիլիսոփայական, աստվածաբանական, բառարանագիտական, քերականական, ժամանակագրական, կենսագրական և այլ բնույթի աշխատություններ՝ «Փիլիսոփայության գիրք» (2-րդ մասը՝ «Տրամաբանություն»), «Բարոյական աստվածաբանություն» (1725թ.), «Մաշտոց հայոց», «Քերականություն» (1718թ.), «Կենսագրություն հայոց եպիսկոպոսաց ի Լեհս», «Ժամանակագրություն կամ տարեկանք եկեղեցականք» (1739թ., հրտ.՝ 1964թ.)։ Նրա մատենագիտական ժառանգության մեջ առավել կարևոր է «Գանձ հայոց լեզուի կամ բառարան Ստեփանյան»-ը, որի վրա հեղինակն աշխատել է ավելի քան 30 տարի։ Այդ աշխատությունը հայերենի բառապաշարի առաջին ծավալուն, մատենագիտության վրա հիմնված, հավաքածուն է։ Ունի երկու մաս՝ հայերեն-լատիներեն և լատիներեն-հայերեն։ Առաջին մասը, որ ավելի ստվար է, համատեղում է բացատրական և թարգմանական բառարանների հատկանիշները։ Հայերեն բառերի դիմաց նշվում են դրանց մատենագիտական աղբյուրները, լատիներեն հոմանիշները, բերվում են բառիմաստները ցուցադրող օրինակներ։ Երկրորդ մասի բառահոդվածներում տրվում է լատիներեն բառերի թարգմանությունը։ Մահացել է Ստանիսլավ քաղաքում (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ, Ուկրաինա):