ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆ

Պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ

17 մարտ, 1866 - 19 նոյեմբեր, 1915

Ծնվել է Նախիջևանի Ցղնա գյուղում (այժմ՝ Ադրբեջանում)։ Ավարտելով տեղի ծխական և գավառական դպրոցները՝ 1880թ. քեռու՝ Հովնան ավագ քահանա Ատովմյանի միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: 1888թ. ավարտել է ճեմարանը և 1889թ-ից ուսանել Լայպցիգի, Բեռլինի և Տյուբինգենի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1893թ. Լայպցիգում հրատարակած «Պավլիկյանք Բյուզանդական կայսրության մեջ և նրանց ցեղակից աղանդավորական երևույթները Հայաստանում» (գերմաներեն) աշխատության համար 1894թ. արժանացել է փիլիսոփայության լիցենցիատի գիտական աստիճանի և վերադարձել Էջմիածին։ 1899թ. նշանակվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1902-06թթ եղել «Արարատ» ամսագրի խմբագիրը։ 1907թ., կարգվելով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ, նախաձեռնել է Թավրիզում «Առավոտ» հայերեն շաբաթաթերթի (1909-12թթ) հրատարակումը, Պարսկաստանի տարբեր վայրերից հայթայթել և Էջմիածնի մատենադարանին է ուղարկել հայկական հին ձեռագրեր։ 1909թ. ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1910-12թթ խմբագրել է «Թավրիզի հայտարարություններ» թերթը։ 1914թ-ից մինչև կյանքի վերջը եղել է Շամախու հայոց թեմի առաջնորդը։ Զբաղվել է Հայաստանում աղանդավորական շարժումների պատմության հարցերով («Թոնդրակեցիք մեր օրերում», գերմաներեն, 1896թ.)։ Սակայն Թոնդրակյան շարժումը նա բնութագրել է ոչ թե որպես դասակարգային պայքար, այլ սոսկ մտավոր առաջադիմական երևույթ կրոնական հարցերի շուրջ։ Երվանդ Տեր-Մինասյանի հետ հայտնաբերել և գերմաներեն է թարգմանել Ս.Իրենիոսի (Երանոս) «Ցոյցք առաքելական քարոզության» երկը, որի մասին մինչ այդ սոսկ հիշատակություն կար Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմության» մեջ, իսկ բնագիրը կորած էր համարվում (լույս է տեսել Լայպցիգում 1907թ., գերմաներեն և հայերեն զուգադիր տեքստով, պրոֆեսոր Ա.Հառնակի վերջաբանով և ծանոթագրություններով)։ Նրա և Ե.Տեր-Մինասյանի ջանքերով Լայպցիգում լույս է տեսել (1908թ.) նաև Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» երկի հայերեն բնագիրը՝ գերմաներեն և հայերեն առաջաբանով։ 1910թ. Լայպցիգում հրատարակվել են նրա հայտնաբերած Ս.Իրենիոսի «Ընդդեմ հերձվածոց» ճառի 4-5-րդ գրքերը (հայերեն), գերմաներեն առաջաբանով։ «Արարատ» ամսագրում տպագրել է հայագիտական հոդվածներ։ Անձնական կապեր է ունեցել գերմանացի հայագետներ Հ.Գեչցերի, Ա.Հառնակի և ուրիշների հետ։ Մահացել է Բաքվում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար