Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ՍՊԱՆԴԱՐ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ

Հրապարակախոս, լրագրող

8 հունիս, 1849 - 28 ապրիլ, 1922

Ծնվել է Շուշիում: Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի Խալիպյան դպրոցում, որի վերջին դասարանից վտարվել է կրոնի ուսուցիչ Խ.Գալֆայանի հետ ընդհարվելու պատճառով։ 1872թ. ավարտել է Լայպցիգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել դոկտորի աստիճան և վերադարձել Թիֆլիս։ 1872-77թթ աշխատակցել է «Մշակ»-ին՝ «Դոկտոր Սպանդարյան» և «Յունիուս» ծածկանուններով, 1877թ. վերջերից՝ «Մեղու Հայաստանի»-ին, որի շնորհիվ վերջինս ձեռք է բերել ուրույն դիմագիծ հայ հասարակական կյանքում և վերածվել ծանրակշիռ օրաթերթի։ 1883թ. ստացել է «Նոր-դար» լրագրի հրատարակության իրավունքը և նույն թվականի դեկտեմբերին լույս ընծայել նրա առաջին համարը։ 1903թ. վերջին հայ եկեղեցապատկան կալվածքների և դպրոցական գույքի բռնագրավման կապակցությամբ Թիֆլիսում հրապարակային ելույթով հանդես է եկել ցարական կառավարության ազգային քաղաքականության դեմ, այդ պատճառով ձերբակալվել և վտարվել է Կովկասից։ 1910թ. մեկնել է Փարիզ։ 1912թ. ապրիլի 12-ին, որդու՝ Սուրեն Սպանդարյանի ձերբակալությունից հետո, Վ.Լենինը և Ն.Կրուպսկայան Փարիզում այցելել են նրան և դրամական օգնություն ցույց տվել։ Այնուհետև Վ.Լենինը նամակով խնդրել է Սպանդարյանների ընտանիքի բարեկամ Ո.Տեր-Հովհաննիսյանին (Մուրացանի կնոջը) հոգ տանել նրա և որդու մասին։ Ծանր հիվանդությունը նրան խանգարել է վերադառնալ հայրենիք։ Որպես ազգային-պահպանողական հոսանքի տեսաբան, հայ ժողովրդի փրկության և հուսալի ապագայի երաշխիքների թվում կարևոր տեղ է հատկացրել եկեղեցուն և կրոնին, ազգային եկեղեցին համարել «նեցուկ հայ ազգի գոյությանը»։ Այս առումով էլ բանավիճել է «Մշակ»-ի հետ, մերժել հայկական դպրոցները հոգևոր իշխանությունից անջատելու, ազգության ներսում դավանաբանական տարբերությունները հանդուրժելու Գրիգոր Արծրունու տեսակետները։ Հրապարակախոսական գործունեության ընթացքում հետևողականորեն անդրադարձել է հայ հասարակական կյանքի առաջընթացի այնպիսի խնդիրների, ինչպիսիք են երկսեռ կրթությունը, կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը, մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունը, տպագրական գործի զարգացումը, մամուլի հեղինակության բարձրացումը։ Նա մեծապես նպաստել է հայ նոր և թարգմանական գրականության զարգացմանը։ Հասարակության առաջընթացի զորեղ միջոցներից է համարել թատրոնը, կոչ արել հայ գործիչներին օգնել թատերական գործի բարելավմանը։ Անդրադարձել է նաև չքավորության խնդրին, մասնավորապես բանվորության տնտեսական ծանր կացությանը, սակայն աշխարհայացքի սահմանափակության պատճառով հասարակության սոցիալական զարգացման ուղիներում ունեցել է սխալ կողմնորոշում։ Խրախուսելով կովկասյան ժողովուրդների բարեկամությունը՝ նա քննադատության է ենթարկել ցարական մամուլը՝ երկրամասում բնակվող ազգերի հարաբերություններում գժտություն սերմանելու համար։ Նրա հրապարակախոսության մեջ որոշակի տեղ են գրավել ազգային-ազատագրական պայքարի հարցերը։ Արևմտահայության ճակատագրին վերաբերող խնդիրներում, զգալով եվրոպական դիվանագիտության խոստումների կեղծությունը, հանգել է այն եզրակացության, որ ազատագրության իրավունք չեն ստանում, այլ ձեռք են բերում։ Այս առումով հատկանշական է նրա գնահատականը Գարիբալդիին, որպես ազատագրական պայքարի ղեկավարի։ Մահացել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում: