ՂԵՎՈՆԴ ՏԱՅԱՆ

Երաժշտագետ

30 հուլիս, 1884 - 12 սեպտեմբեր, 1968

Ծնվել է Թուրքիայի Պարտիզակ հայաբնակ ավանում (Իզմիթի մոտ)։ Եղել է Մխիթարյան միաբանության անդամ։ 1890թ-ից ուսանել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, երևան բերել, մասնավորապես, երաժշտական ու երգեցողական ակնառու ունակություններ։ 1911-14թթ Հռոմում ուսումնասիրել է գրիգորյան երգեցողություն և երաժշտական հնագրություն։ Այնուհետև նվիրվել է հայ հոգևոր երաժշտության հետազոտմանը, իտալական և գերմանական հանրագիտարաններում և զանազան միջազգային համաժողովներում այդ նյութի շուրջ հանդես է եկել հոդվածներով ու հաղորդումներով։ Երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ: 1921-27թթ եղել է «Բազմավեպի» խմբագիրը։ 1916-41թթ եվրոպական նոտագրությամբ գրի է առել և 1952թ-ից սկսած հատոր առ հատոր հրապարակել է շարականների Սբ. Ղազարում բանավոր հաղորդմամբ պահպանված եղանակները (սկզբնաղբյուր համարվում են Մխիթար Սեբաստացու ավանդած եղանակները, որոնք նա 1891-92թթ սովորել է Էջմիածնում և Հայաստանի այլ վանքերում)։ Իր գրառած շարակնոցում փորձել է ալտերացիայի ինքնահնար «մոնոզիս» և «տրեզիս» (1/4 և 3/4 տոն բարձրացնող) ու «բեմոլետ» և «բեմոլոն» (1/4 և 3/4 տոն իջեցնող) նշանների օգնությամբ գրավոր դրսևորել հայ մոնոդիկ երաժշտության անհավասարաչափ տեմպերացիան։ Նրա շարակնոցը, որպես շարականների շուրջ երկուսեկես դար ավանդապահորեն հաղորդված ամբողջական մի տարբերակ, ինքնուրույն արժեք է պահպանում։ Հեղինակել է նաև «Եղիշեի չորս եղանակները հնագույն գրչագրի մը մեջ» (1911թ.), «Կոմիտաս վարդապետ» (1936թ.) և այլ աշխատություններ, աշխարհիկ և հոգևոր երգեր։ Մահացել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար