Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ

Պատմաբան, աշխարհագրագետ, փիլիսոփա, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

1198 - 1271

Վարդան Գանձակեցի, Աղվանից Վարդան, Վարդան Կիլիկեցի, Վարդան Մեծ, Վարդան Պատմիչ, Վարդան Վարդապետ

Ծնվել է Հայաստանի Գանձակ գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Նոր Գետիկի վանքում, ուր աշակերտել է Մխիթար Գոշին։ Այնուհետև ուսանել է Տավուշի Խորանաշատ վանքում, հմտացել մատենագիտության, քերականագիտության և աստվածաբանության մեջ, տիրապետել բազմաթիվ լեզուների (եբրայերեն, ասորերեն, հունարեն, լատիներեն, պարսկերեն)։ Վարդապետի, իսկ 1235թ-ից՝ րաբունապետի աստիճան ստանալուց հետո ծավալել է ուսումնագիտական բեղմնավոր գործունեություն։ Հիմնել է Կայենաբերդի Սբ. Անդրեի վանքի դպրոցը և 1235-39թթ, 1252-55թթ այնտեղ զբաղվել ուսուցչությամբ։ 1239թ. մեկնել է Երուսաղեմ։ Վերադարձին Հեթում Ա թագավորի հրավերով այցելել է Կիլիկյան Հայաստան։ Մասնակցել է Սսի 1243թ. ազգային-եկեղեցական ժողովին, այնտեղ սահմանված կանոնները 1245թ. բերել մայր Հայաստան։ 1248թ. դարձյալ անցել է Կիլիկիա, մասնակցել հայկական պետության քաղաքական և հասարակական կյանքին, Վատիկանի ու Բյուզանդիայի ոտնձգությունների դեմ պայքարին։ Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրաբերդցու համագործակցությամբ գրել է Արևելյան Հայաստանի բնակչությանն ուղղված «Թուղթ խրատական»-ը և Հռոմի պապի դավանաբանական գրության պատասխանը, մասնակցել Սսի 1251թ. ժողովի ընդունած կանոնների մշակմանը։ 1252թ. վերադարձել է Հայաստան, գումարել Հաղպատի և Ձագավանի ժողովները, հիմնել Սաղմոսավանքի, Թեղենյաց մենաստանի, Աղջոնց վանքի, նորակերտի դպրոցները, դասավանդել Հաղպատի ուսումնագիտական կենտրոնում։ 1255թ. հիմնել է հոր Վիրապի դպրոցը (վարդապետարան), որի ուսումնական ծրագրերի մեջ մտցրել է նաև անտիկ փիլիսոփաների, տրամաբանների, ճարտասանների, քերականների աշխատությունների և դրանց վերաբերյալ ստեղծված մեկնողական երկերի ուսուցում։ Խոր Վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի ապագա խոշոր գործիչներ Գևորգ Սկևռացին, Հովհաննես Երզնկացի Պլուզը, Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Գրիգոր Բալուեցին, Գրիգոր Բջնեցին և ուրիշներ։ 1264թ. մեկնել է Թավրիզ և մոնղոլական Հուլավու ղանի հետ բանակցելուց հետո նրանից ստացել հատուկ արտոնագիր, որով չափավորվել են Հայաստանից գանձվող հարկերը։ Թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն (ավելի քան 120 ստեղծագործություն)։ Հայ մեկնողական գրականության լավագույն նմուշներից են նրա «Մեկնութիւն Սաղմոսաց», «Մեկնութիւն երկոտասան մարգարեիցն», «Մեկնութիւն երգոց երգոյն Գրիգորի Նարեկացւոյ», «Մեկնութիւն Դանիէլի», «Մեկնութիւն Հնգամատենին» գործերը, որոնք արտացոլում են ժամանակի աշխարհայացքային դրույթներն ու հարցադրումները, առատ նյութ պարունակում հայ ժողովրդի միջնադարյան պատմության, սոցիալ-տնտեսական հարաբերությունների, կենցաղի, մշակութային կյանքի վերաբերյալ։ Հայ միջնադարյան մատենագրության մեջ ուրույն տեղ ունի նրա «Լուծմունք ի Մ.Գրոց...» ժողովածուն (հայտնի է «Ժղլանք» անունով), որը բազմաթիվ և բազմաբնույթ նյութերից կազմված, դյուրըմբռնելի միջին հայերենով շարադրված, հանրագիտական բնույթի ծավալուն երկ է, որտեղ արծարծված են ժամանակի մարդուն հետաքրքրող բազմաթիվ հարցեր (բնության, երկնային մարմինների ծագման ու շարժման, բուսական և կենդանական աշխարհի առաջացման, մարդու, նրա հոգևոր ու իմացական գործունեության, լեզվի, հայկական նշանագրերի, գրերի գյուտի, երաժշտության և այլն)։ Բնությունը դիտում է անընդհատ շարժման, դադարի և փոփոխության մեջ։ Բնությունից դուրս ո՛չ շարժում կա և ո՛չ էլ դադար, շարժումը սոսկ տեղաշարժություն չէ, այլ նաև ներքին կերպարանափոխություն, մի վիճակից մյուսին անցում։ Ըստ նրա, երկնային մարմիններն առաջացել են «մրրատեսակ թանձրամածություններից»։ Նա գրում է, որ Տիեզերքում շատ ավելի մեծ աստղեր կան, քան Արեգակը, և դրանք միմիայն հեռավորության պատճառով են փոքր երևում։ «Ժղլանքը» եղել է միջնադարյան Հայաստանի ամենատարածված գրքերից։ Հրատարակվել են առանձին հատվածներ, որոշ նյութեր ֆրանսերեն են թարգմանել Է.Պրյուդոմը և Վ.Լանգլուան։ Գիտական մեծ արժեք է ներկայացնում նրա «Աշխարհացոյց»-ը, որը պահպանվել է համառոտ և ընդարձակ տարբերակներով։ Բնագրին ավելի մոտ է համառոտը, որն ընդօրինակվել է 13-րդ դարի վերջին։ «Աշխարհացոյց»-ը բաղկացած է չորս մասից («Արարչագործութիւն եւ երկինք», «Երկիր», «Հայք, Վիրք եւ Աղուանք», «Այլ աշխարհք»)։ Աշխարհագրական-տեղագրական կարևոր տեղեկություններ կան Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի երկրների վերաբերյալ։ Հատկապես արժեքավոր է Հայաստանին վերաբերող հատվածը, որտեղ նկարագրվում է հին և միջնադարյան Հայաստանի աշխարհագրական վիճակը, վարչատարածքային բաժանումը, գավառների, քաղաքների, ավանների, գյուղերի, վանքերի տեղագրությունը, տրվում են պատմական, գիտամշակութային և ազգագրական տեղեկանքներ, մատնանշվում տեղանունների հին և նոր փոփոխությունները։ Առաջին անգամ (1728թ.) հրատարակել է Երեմիա Մեղրեցին։ Սեն-Մարտենի թարգմանությամբ 1819թ. հրատարակվել է ֆրանսերեն։ Հեղինակել է «Մեկնութիւն քերականին» և «Վասն բանին մասանց» քերականագիտական աշխատությունները։ Առաջինը, որը գրել է Հեթում Ա-ի պատվերով, Դիոնիսիոս Թրակացու քերականության հայերեն թարգմանության մեկնությունն է, երկրորդը՝ հայոց լեզվի շարահյուսության սկզբունքների նկարագրությունը։ Քերականության նպատակն է համարել խոսքի կոկումն ու կռումը։ Նա քերականությունը զատում է պոետիկայից, ճարտասանական ու փիլիսոփայական գիտությունների խառնուրդից, այն ներկայացնելով որպես խոսքի մասերի մասին ինքնուրույն գիտություն։ Խոսքի մասերը քննում և բնորոշում է որպես նախադասության անդամներ, գտնում, որ հայերենն ունի խոսքի ութ մաս (անուն, բայ, ընդունելություն, նախադրություն, մակբայ, դերանուն, հոդ, շաղկապ), տալիս դրանց շարահյուսական արժեքը, սահմանումն ու գործածության ձևերը։ Նրա քերականագիտական աշխատությունների կառուցվածքը պարզ է, շարադրանքը՝ սահուն, լեզուն՝ դյուրըմբռնելի, ոճավորված ժողովրդական դարձվածքներով։ Խոսակցականն ընդունում է գրաբարին հավասար լեզու։ Նրա մատենագրական ժառանգության մեջ ամենաարժեքավորը «Հալաքումն պատմութեան» երկասիրությունն է, որը համընդհանուր պատմություն շարադրելու նոր փորձ էր հայ պատմագրության մեջ։ Այն բաղկացած է «Նախերգանքից» (ուր խոսվում է «անսկիզբ» ժամանակների մասին) և հարյուր գլխից։ Բուն պատմությունն սկսում է Բաբելոնյան աշտարակաշինությունից, Հայկի ու Բելի կռվից և հասցնում մինչև Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրաբերդցու մահը (1267թ.)։ Հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական, կրոնական և մշակութային պատմության շարադրանքը սերտորեն միահյուսել է հարևան երկրներում կատարված իրադարձությունների հետ։ Որպես սկզբնաղբյուր՝ օգտագործել է Եվսեբիոս Կեսարացու, Կորյունի, Մովսես Խորենացու, Մատթեոս Ուռհայեցու, Մխիթար Անեցու, Վանական Վարդապետի, Կիրակոս Գանձակեցու և ուրիշների երկասիրությունները, վիմական արձանագրություններ, դիվանագիտական փաստաթղթեր, ժողովրդական պատումներ, զրույցներ ու առասպելներ, դեպքերի մասնակիցների բանավոր տեղեկություններ։ Հատկապես արժեքավոր է իր ապրած ժամանակաշրջանի՝ 12-րդ դարի վերջի և 13-րդ դարի պատմական իրադարձությունների նկարագրությունը։ Հարևան ժողովուրդների հին պատմությունը շարադրված է համառոտ, հաճախ միայն անունների ու տարիների թվարկմամբ։ Սակայն սկսած 11-րդ դարից շարադրանքը հարստանում է. բազմազան և ճշգրիտ տեղեկություններ կան անդրկովկասյան ժողովուրդների, պարսիկների, հույների, արաբների, սելջուկյան թուրքերի, խաչակիրների, եգիպտական մամլուքների, մոնղոլների մասին։ Երկը խիստ կարևոր աղբյուր է մոնղոլական արշավանքների, անդրկովկասյան երկրների նվաճման, հարկային քաղաքականության, Հուլավյանների պետության, հայ-մոնղոլական փոխհարաբերությունների պատմության ուսումնասիրության համար։ Այն առաջին անգամ (1861թ.) հրատարակել է Մկրտիչ Էմինը։ Նույն թվականին Մ.Էմինը իրականացրել է նաև երկի ռուսերեն թարգմանության հրատարակությունը։ Հատվածաբար հրատարակվել է ֆրանսերեն (Է.Դյուլորեի թարգմանությամբ, 1860թ., Ի.Մյուլդերմանի՝ 1927թ.) և թուրքերեն (Հ.Անդրեասյանի թարգմանությամբ, 1937թ.)։ Նրա ճառերն ու խրատները հիմնականում առնչվում են քրիստոնեության տեսական-աստվածաբանական խնդիրների, ծիսական ու կրոնավարչական հարցերի լուսաբանմանը։ Դրանք հետաքրքիր նյութ են տալիս միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և իրավական հարաբերությունների, քաղաքային կյանքի և կենցաղային սովորույթների վերաբերյալ։ Նրա շարականներն արժեքավոր են իրենց պատմական բնույթով ու հայրենասիրությամբ (հատկապես հատկանշական է թարգմանչաց սերնդին նվիրված «Որք զարդաբերին» շարականը)։ Երաժշտությունը դիտել է որպես դաստիարակության միջոց, առաջադրել հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտության փոխադարձ մերձեցման հարցը։ Նրա ներբողներն արծարծում են մշակութային, պատմական, հասարակական խնդիրներ, տոգորված են իրատեսությամբ և հայրենասիրությամբ (Գրիգոր Լուսավորչին, նրա թոռներին, Հովհաննես Օձնեցուն և հատկապես հայ գրերի գյուտին նվիրվածները)։ Նշանակալից է նաև նրա թարգմանչական գործունեությունը։ Հունարենից, լատիներենից և ասորերենից թարգմանել է բազմաթիվ զրույցներ, կրոնափիլիսոփայական երկեր և այլն։ Ասորի Իշող քահանայի աշխատակցությամբ թարգմանել է (1248թ.) Միքայել Ասորու «Ժամանակագրութիւնը»։ Վերջինիս կցված նրա հիշատակարանն ուրույն պատմական սկզբնաղբյուր է, որտեղ առկա են Կիլիկյան հայկական պետությանը վերաբերող եզակի տեղեկություններ։ Խմբագրել ու լրացրել է եկեղեցական «Տօնապատճառ» ծիսական ժողովածուն։ Եղել է հանրագիտակ մտածող, նրա ստեղծագործությունները կարևոր դեր են խաղացել հայ հոգևոր մշակույթի հետագա զարգացման գործում։ Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հռչակաւոր և մեծիմաստ», «բանիբուն և արդիւնական վարդապետ», «նոր լուսավորիչ», «եռամեծ» պատվանուններով։ Նրա գործերն ընդօրինակվել են մեծ քանակությամբ և տարածվել (ճնշող մեծամասնությունը ներկայումս պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Որոշ ուսումնասիրողներ նրան շփոթել են Կիլիկյան Հայաստանի եկեղեցական և մշակութային գործիչ Վարդան Բարձրաբերդցու հետ։ Մահացել է Խոր Վիրապում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար