ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ

Մատենագիր, աստվածաբան, թարգմանիչ, բանաստեղծ

685 - 21 հուլիս, 735

Ստեփանոս Քերթող

Ծնվել է Հայաստանի Դվին քաղաքում: Եղել է Դվինի ավագերեցի որդին։ Նախ սովորել է Հայոց կաթողիկոսարանում, ապա՝ Սաքենյաց վանքի դպրոցում և Սյունիքի վարդապետարանում, որտեղ աշակերտել է Սյունյաց եպիսկոպոս Մովսես Քերթողին։ Իր հայացքների համար ենթարկվելով Սմբատ Բագրատունի ասպետի հալածանքին՝ գաղտնի մեկնել է Կ.Պոլիս, սովորել հունարեն ու լատիներեն, ուսումնասիրել աստվածաբանություն, փիլիսոփայություն, երաժշտություն և այլ գիտություններ։ Ուսումը կատարելագործել է Աթենքի ու Հռոմի գրադարաններում։ Վերադառնալով Դվին՝ որոշ ժամանակ զբաղվել է գրական-թարգմանչական գործունեությամբ, այնուհետև ձեռնադրվել է Սյունիքի եպիսկոպոս։ Գրել է Կ.Պոլսի հայրապետ Գերմանոսին, Անտիոքի պատրիարքին, Աղվանքի վարդապետներին ուղղված դավանաբանական բնույթի պատասխան թղթերը, Արարածոց, Եզիկիելի, Հոբի գրքերի, չորս Ավետարանների մեկնությունները, ճառեր և այլ գործեր։ Եղել է հայկական հայրաբանության խոշոր ներկայացուցիչներից: Հունարենից թարգմանել է Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացու, Նեմեսիոս Եմեսացու, Գրիգոր Նյուսացու բնագիտական որոշ աշխատություններ, ինչպես նաև Կյուրեղ Ալեքսանդրացու «Գիրք պարապմանց» և Գեորգիոս Պիսիդեսի «Վեցօրեայք» երկերը։ Նրա՝ «Պիտանի լուծմունք Սահմանացն և Պորփյուրին» մեկնությունը (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան), նվիրված է Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» և Պորփյուրի «Ներածութիւն» գործերին։ Որպես իդեալիստ փիլիսոփա կարծում է, որ զգայարաններին մատչելի բնությունը աստվածային ոգու ցածրագույն դրսևորումն է։ Մարմնավորի էությունը գաղափարն է, որը ըմբռնելի է լոկ բանականությամբ։ Գեղագիտության մեջ տարբերակել է աշխարհիկ և հոգեոր արվեստները, վերջինիս ստեղծման և կատարման ընթացքում հնարավոր համարելով աշխարհիկ արվեստի հնարանքների օգտագործումը։ Ուշագրավ դատողություններ ունի առասպելի տարբերակների, գրական մի շարք ժանրերի բնույթի և կատարողական առանձնահատկությունների մասին։ Արժեքավոր է նրա «Մեկնութիւն քերականին» երկը, որը Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստ» երկի հայերեն թարգմանության մեկնությունն է։ Քերականությունը համարելով ուղղախոսության և ճիշտ գրելու արվեստ, այն առնչել է գրականության հետ՝ իբրև նրան օժանդակող գիտություն և բաղկացուցիչ մաս։ Անդրադարձել է առոգանության հարցերին, կարևորել հարևան ժողովուրդների լեզուների և հայերենի բարբառների իմացությունը, տվել որոշակի տեղեկություններ այդ բարբառների մասին, կատարել դրանց դասակարգման առաջին փորձը։ Լեզվի փոփոխությունը դիտել է որպես նրա աղավաղման պրոցես, որը լծորդ հնչյունները միմյանցով փոխարինելու, «կրկնակ» բաղաձայններն իրենց բաղադրիչների վերածելու և որևէ հնչյուն ավելացնելու կամ պակասեցնելու հետևանք է։ Քննության առարկա է դարձրել նաև հնչյունի ֆիզիկական և ֆիզիոլոգիական հատկանիշները, դասակարգել ձայնավորներն ու բաղաձայնները, առանձնացրել բառն ու «բանը»։ Նրան են վերագրվում մի ամբողջ շարք շարականներ և ուրիշ ստեղծագործություններ, որոնցից անվիճելիորեն նրանը պիտի համարել Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Հինանց և Պահոց ստողոգիական սաղմոսները, որոնք պահպանվել են «Մանրուսմունք» կոչվող ձեռագիր ժողովածուներում։ Նրա անվան հետ է կապված Հայաստանում կանոնի ժանրի վավերացումը, ութձայնի նոր ուսմունքի հաստատումը, ինչպես և հոգևոր երաժշտությունը խազերով գրի առնելու նախնական արվեստի ծագումը։ Արծարծել է գեղարվեստական կերպարի ստեղծման մի քանի ձևերի, միջոցների ու հնարանքների, ժողովրդական գուսանական ու եկեղեցական երաժշտության փոխհարաբերության և այլ հարցեր։ 10-րդ դարից առաջ գրվել է նրա ընդարձակ վարքը, որի բնագիրը մեզ չի հասել, սակայն չորս խմբագրությունները պահպանվել են Մովսես Կաղանկատվացու («Պատմութիւն Աղուանից աշխարհի», գիրք 3, 10-րդ դար), Կիրակոս Գանձակեցու, Մխիթար Այրիվանեցու և Ստեփանոս Օրբելյանի երկերում։ Նախնական բնագրին առավել հարազատ է Մխիթար Այրիվանեցու մշակումը։ Սպանվել է Եղեգնաձորի Մոզ ավանում՝ մի կնոջ ձեռքով, որին քարոզի ժամանակ հանդիմանել էր: Թաղված է Վայոց Ձորի Թանահատի վանքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար