ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Երգիչ, երգահան, դերասան

Շահնուր Վաղինակ Ազնավուրյան

Ծնվել է 1924թ. մայիսի 22-ին, Փարիզում (Սեն Ժերմեն դես Պրես): Հայրը՝ Միշա Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Կնոջ հետ միասին, ով դերասանուհի էր, Միշան ծանոթացրեց որդուն թատրոնի աշխարհի հետ վաղ տարիքից: Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ արդեն տարված լինելով արտիստի կյանքով: Այդ տարիներին սկսել է հանդես գալ «Ազնավուր» բեմական անունով: 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել Կաբարեում: 1944թ. առաջին «Ես հարբած եմ» երգը, Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել: Երգչի աստեղային ժամը եկել է 1946թ., երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվել է տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների: 1956թ. Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթ ունենալուց հետո, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել: «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը: Հեղինակել է շուրջ 1000 երգ, որոնց մի մասը երգահան Ժորժ Կառվարենցի համահեղինակցությամբ են, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն: Դրանց կատարողներից են եղել Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք: Վաճառել է ավելի քան հարյուր միլիոն ձայնապնակ: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն` ճանաչվել է «Դարի արվեստագետ»` 149 հազար ձայնով: Նկարահանվել է բազմաթիվ համաշխարհային ճանաչված ֆիլմերում՝ «Գլուխը պատին» (1958թ.), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960թ.), «Սատանան և տասը պատվիրանները» (1962թ.), «Արարատ» (2002թ.) և այլն: Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975թ.), «Անցած օրեր» (2004թ.) հուշագրությունները: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, հիմնադրել է «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական հիմնադրամը և անգնահատելի օգնություն ցուցաբերել Հայաստանին և աղետի գոտուն: Բազմիցս համերգներով հանդես է եկել Հայաստանում (1964թ., 1996թ., 2006թ., 2014թ.): Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Հայոց Ցեղասպանության (1915թ.) 60-ամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը: Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը:
 
2011թ-ից սկսվել է երգչի նոր համաշխարհային շրջագայությունը՝ «Aznavour en Toute Intimité» խորագրով: Նույն թվականին թողարկված նոր՝ «Aznavour toujours» ձայնասկավառակը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի մի շարք բարձրագույն պետական պարգևների: 1997թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո սեզար» պետական պարգևի, նաև պարգևատրվել է Արցախի «Գրիգոր Լուսավորիչ» և «Թեքեյան» մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: Գյումրիում կանգնեցված է Շառլ Ազնավուրի արձանը` իր իսկ անվան հրապարակում, նրա անունով է կոչվել Երևանի հրապարակներից մեկը, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը: 2004թ. նրան շնորհվել է ՀՀ Ազգային Հերոսի պատվավոր կոչում: Նույն թվականին Ազնավուրի մոմե արձանը դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009թ. Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը: Նույն թվականից Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչն է ու Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը: Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՈ-ում:

 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար