Մատթեոս Մամուրյան

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան

Լյուբով Լազարևա

Օպերային երգչուհի

Լևոն Հայկազունի

Կրկեսի արտիստ

Վազգեն Մուրադյան

Կոմպոզիտոր

Կառլոս Աբովյան

Գեղանկարիչ

Վյաչեսլավ Ամիրխանյան

Կինոռեժիսոր, դերասան

Անդրանիկ Խեչումյան

Թարգմանիչ, բեմադրիչ

Կարեն Գևորգյան

Պարող, պարուսույց

Միխայիլ Սիմոնյան

Ջութակահար

Ռեբեկա Դեմիրճյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՍԻՄԵՈՆ ՋՈՒՂԱՅԵՑԻ

Փիլիսոփա, բանասեր

22 հունիս, 1595 - 27 փետրվար, 1657

Ծնվել է Ջուղայում։ 1605թ. «մեծ բռնագաղթի» ժամանակ տեղափոխվել է Նոր Ջուղա (Իրան), որտեղ էլ ստացել է սկզբնական կրթությունը։ 1620թ-ից աշակերտել է Խաչատուր Կեսարացուն։ 1630թ. Էջմիածնի նվիրակ Խաչաաուր Կեսարացու հետ մեկնել է Լվով (ճանապարհին այցելել Փոքր Ասիայի հայաշատ վայրերը, Կ.Պոլիս, Ղրիմ և այլն)։ Լվովում կաթոլիկ միսիոներները տեղի հայերի կաթոլիկացմանը ընդդիմացող Էջմիածնի պատվիրակներին վարկաբեկելու դիտավորությամբ կազմակերպել են դավանաբանական և գիտական բանավեճ, որում վերջիններս պարտվել են և վերադարձել Հայաստան։ 1631թ. սկզբին Երևանում Ոսկան Երևանցու հետ փիլիսոփայություն է ուսանել ճանաչված փիլիսոփա և մանկավարժ Մելքիսեթ Վժանեցու մոտ, ապա հաստատվել Էջմիածնում։ 1631թ. աշնանը վերադարձել է Նոր Ջուղա, որտեղ մանկավարժական գործունեությանը զուգընթաց զբաղվել է ինքնակրթությամբ։ Ակտիվորեն մասնակցել է Խաչատուր Կեսարացու հայկական տպարանի հիմնադրմանը (1638թ.) և հետագա աշխատանքներին։ 1641թ. օծվել է վարդապետ, տեղափոխվել Հովհաննավանք, ապա՝ Էջմիածին և զգալիորեն նպաստել դպրոցական կյանքի և գիտական ու փիլիսոփայական մտքի աշխուժացմանը։ 1640-ական թվականների կեսին տեղափոխվել է Հավուց Թառի վանք և ստացել եպիսկոպոսի աստիճան։ 1656թ. շրջագայել է Թուրքիայի հայկական գավառներում։ Կրոնադավանաբանական ըմբռնումներով եղել է 17-րդ դարում վերաբորբոքված միարարական (ունիթոռական) շարժման հակառակորդը. պաշտպանել է հայ եկեղեցու ինքնուրույնության իրավունքը, նպաստել ժողովրդի ինքնագիտակցության բարձրացմանը։ Եղել է Արիստոտելի, Նեմեսիոս Եմեսացու, Պրոկլ Դիադոխոսի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթևացու և այլոց փիլիսոփայական սկզբունքների շարունակողն ու զարգացնողը։ Խմբագրել է Պրոկլ Դիադոխոսի «Շաղկապք աստվածաբանականք» երկի և նրան կից ոմն Օմելախոսի մեկնությունների Սիմեոն Պղնձահանեցու վրացերենից հայերեն կատարած թարգմանությունը, ինչպես նաև գրել Պրոկլ Դիադոխոսի աշխատության մեկնություններ (Երևանի Մ.Սաշտոցի անվան Մատենադարան)։ Պրոկլի աշխատության այդ խմբագրությունը և մեկնությունները վրացական մշակույթի նշանավոր գործիչ Հովհան Օրբելիանիի նախաձեռնությամբ Փիլիպոս Ղայթմազյանը և Նիկողայոս Կրոնավորը թարգմանել են վրացերեն (1757թ.)։ Նա փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է իդեալիստորեն, ընդունել է Աստծո գոյությունն ու արարչագործությունը, սակայն, նրա կարծիքով, աշխարհի արարումից հետո Աստված այլևս չի միջամտում նրա զարգացմանը, դա տեղի է ունենում բնության ներքին օրինաչափություններով։ Նրա գոյաբանական ըմբռնման մեջ նկատվում է պանթեիստական միտում։ Իմացաբանության հարցերում նա եղել է սենսուալիստ, կասկածից վեր է համարել ճանաչողությանը նախորդող և նրանից անկախ արտաքին աշխարհի գոյությունը և նրա ճանաչելիությունը։ Իրերն ու երևույթները դիտելով անխզելի կապի մեջ՝ նա գտնում է, որ սկզբունքորեն ամեն ինչ ճանաչելի է և ճանաչվածների միջոցով հնարավոր է ճանաչել չճանաչվածը։ «...Սարդոյ ոչ է ծանօթ ամենայն էակ և ոչ ամենայնն անծանօթ, վասն որոյ եկն ի մէջ առարկութիւն, զի ի ձեռն ծանօթից՝ գտանիցի անծանօթն, զի ամենայն էակք՝ շարախառնեալ են առ միմեանս» («Դիրք տրամաբանութեան», 1728թ.)։ Իմացության աղբյուր է ընդունել զգայությունները, հայ փիլիսոփայության մեջ առաջինը դրանք բաժանել արտաքինի և ներքինի՝ հիմք ընդունելով զգայության առարկայի անմիջական կամ միջնորդավորված առկայությունը։ Սկսվելով արտաքին զգայություններից՝ ճանաչողությունը ավարտվում է բանական աստիճանում: Շարունակելով Նեմեսիոս Եմեսացու, Հովհաննես Երզնկացու և այլոց գիծը՝ փորձել է պարզել ճանաչողության մարդակազմական-բնախոսական հիմքերը՝ ճանաչողությունը կապելով մարդու գլխուղեղի հետ, որը բաժանել է առաջին, միջին և հետին մասերի՝ դրանցից յուրաքանչյուրը դիտելով որպես իմացական այս կամ այն կարողության կենտրոն։ Քննել է ունիվերսալիաների հարցը, քննադատել ինչպես ռեալիստներին, այնպես էլ ծայրահեղ նոմինալիստներին՝ ցուցաբերելով կոնցեպտուալիստական դիրքորոշում, իսկ առանձին դեպքերում փորձելով վեր բարձրանալ դրանից։ Ճանաչողության տեսության առնչությամբ նա շոշափել է նաև գիտությունների դասակարգման, դրանց կապի, փոխհարաբերության, տեղի, դերի, իմացական նշանակության և այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ զարգացնելով Դավիթ Անհաղթից սերող ավանդույթները՝ հաճախ արտահայտել է միանգամայն թարմ մտքեր։ Նրա կարծիքով, բոլոր գիտություններն ուսումնասիրում են իրականության տարբեր կողմերը և սերտորեն փոխկապակցված են ու նպաստում են մեկը մյուսին։ Նրա տրամաբանական ուսմունքը շարադրված է «Գիրք տրամաբանութեան» երկում (հրտ.՝ 1728թ.), որը 18-րդ դարի կեսին վրացերեն է թարգմանվել «Դիալեկտիկա» վերնագրով ու լայնորեն օգտագործվել Անտոնիոս Բագրատիոնիի, Հովհան Բագրատիոնիի և ուրիշների աշխատություններում։ Քննարկել է տրամաբանության առարկայի, գիտությունների համակարգում նրա տեղի ու դերի, տրամաբանության տեսակների ու բնույթի, դրանց ճանաչողական նշանակության հարցերը, ինչպես նաև տրամաբանական մտածողության ձևերը՝ հասկացություն, դատողություն, մտահանգում, որոնցից առանձնահատուկ ուշադրություն է դարձրել վերջինին՝ տրամաբանությունը համարելով նախ և առաջ գիտություն մտահանգումների մասին։ Նրա գրչին է պատկանում նաև «Արտադրութիւն վասն անձին մարդոյ» անավարտ փիլիսոփայական երկը (մասնակի հրտ.՝ 1728թ., լրիվ՝ 1794թ., որպես «Գիրք տրամաբանութեան» աշխատության հավելված)։ Գրել է նաև «Գիրք որ կոչի քերականութիւն» (1637թ., հրտ.՝ 1725թ.) աշխատությունը, որտեղ, օգտագործելով Դիոնիսիոս Թրակացու քերականությունը, աշխատել է դրանով իսկ խուսափել լատինաբանությունից։ Քերականության նյութ է համարել գիրը կամ տառը, վանկը, բառը և «բանը»։ Հայերենի տառերը (հնչյունները) բաժանել է ձայնավորների (սուղեր, առաջագիրներ), բաղաձայնների (թավեր, լծորդներ, անձայններ, կրկնակներ) և երկբարբառների։ Խոսքի մասերը քննելիս բառը վերցրել է խոսքից դուրս՝ իբրև «կիրառելիք», և կապակցության մեջ՝ իբրև «կիրառություն»։ Ընդունել է 8 խոսքի մաս. անվանը հատկացրել է 6 քերականական կարգ՝ քանակ (այսինքն՝ անունների բաժանումը հատուկների և հասարակների), սեռ, ձև և տեսակ (պարզ և բարդ բառեր), թիվ և հոլով (10), բային՝ 4 սեռ (ներգործական, կրավորական, «ընդմիջական»՝ չեզոք, և հասարակ), տեսակ, ձև, թիվ, դեմք, ժամանակ (ներկա, անցյալ, ապառնի), եղանակ (սահմանական, հրամայական, ըղձական, ստորադասական, աներևույթ), լծորդություններ՝ ա, ե, ու, ի։ Անդրադարձել է նաև դերանուններին, հոդերին, մակբայներին և այլն։ Նրա անունն ու առանձին մտքեր դեռևս 17-րդ դարում, շնորհիվ նրա գաղափարական մոլի հակառակորդ Գաչանոս Կղեմեսի, հայտնի են դարձել եվրոպական գրակականությանը։ Ավարտելով հայ փիլիսոփայական մտքի ընդհատված առաջադիմական ավանդույթների 17-րդ դարում սկսած վերականգնման ընթացքը՝ նա դրել է նոր շրջանի փիլիսոփայության զարգացման սկիզբը։ Մահացել է Եվդոկիայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար