Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՆԱՀԱՊԵՏ ՌՈՒՍԻՆՅԱՆ

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

28 սեպտեմբեր, 1819 - 29 նոյեմբեր, 1876

Ծնվել է Կեսարիայի գավառի Էվքերե գյուղում: Հաճախել է Կեսարիայի նախակրթարանը, իսկ 1829թ-ից՝ Սկյուտարի Սբ. Կարապետ եկեղեցու վարժարանը։ 1844թ. ընդունվել է Սորբոնի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետ։ Ուսումնառության տարիներն անցել են 1848թ. ֆրանսիական հեղափոխության նախապատրաստման ու իրագործման շիկացած մթնոլորտում։ 1849թ. Փարիզում, Ծերենցի գործակցությամբ, ստեղծել է ուսանողական «Արարատյան ընկերությունը», որի խնդիրն էր «սատարել Հայաստանի առաջադիմությանը»՝ հայ ժողովրդին լուսավորելու, համախմբելու և ազգային ու սոցիալական ազատությունների համար պայքարի ոգեշնչելու ճանապարհով։ 1851թ. բժշկագիտության դոկտոր դարձած վերադարձել է Կ.Պոլիս։ Եվրոպական քաղաքակրթությանը ժողովրդին հաղորդակից դարձնելու նրա ձգտումը համահնչուն էր հայկական երիտասարդ բուրժուազիայի իդեալներին։ Իր համախոհներ Գրիգոր Օտյանի, Նիկողոս Պալյանի, Սերովբե Վիչենյանի և այլոց հետ ձեռնամուխ է եղել արևմտահայ ազգային կյանքը նորովի կազմակերպելու իր ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Նրա նախաձեռնությամբ ստեղծված գրական ակումբում, իսկ այնուհետև «Ուսումնական խորհրդում» (1853թ., եղել է նախագահը) ի թիվս մամուլն ընդարձակելու, նոր դպրոցներ բացելու և երկսեռ դաստիարակություն իրագործելու, տնտեսական կյանքի զարգացման համար մասնագետներ պատրաստելու, ուսումնական նոր ծրագրեր ու դասագրքեր հրատարակելու և այլ հարցերի՝ ամենակարևորն ու առաջնահերթն է համարել աշխարհաբարի մշակումը։ «Ուղղախոսութիւն արդի հայոց լեզուին» (1853թ.) աշխատությամբ պաշտպանել է աշխարհաբարը և փորձել (թեև ոչ բավարար լեզվագիտական մակարդակով) մշակել նրա քերականությունը։ Դրանով սկիզբ է դրվել արևմտահայության մտավոր զարթոնքն ազդարարող գրապայքարին։ 1854թ. Կ.Պոլսի պատրիարքարանը գիրքն արգելել է, բոլոր օրինակներն այրել։ Նույն բախտին է արժանացել նաև նրա «Տարեցույցը» (1854թ.), որով նա առաջարկել է ընդունել ֆրանսիական բուրժուական հեղափոխության տոմարը, հաղորդել պատմական, տնտեսագիտական, երկրագործական, առողջապահական և այլ բնույթի հանրամատչելի գիտելիքներ, շոշափել հայ ազգային կյանքը դեմոկրատական սկզբունքով վերափոխելու խնդիրներ։ Ավելի ուշ նա այդ հարցերին անդրադարձել է հարստացված «Բնական տարեցույց» երկհատորյակում (1871-72թթ)։ Մասնակցել է Կ.Պոլսի «Բարեգործական» ընկերության հիմնադրմանը (1860թ. սեպտեմբեր), «Քնար հայկական» երաժշտական ընկերության աշխատանքներին։ Նրա հասարակական գործունեության առավել բարդ ու տևական շրջանը կապված է արևմտահայության ներքին սահմանադրության ստեղծման հետ: 1863թ-ից պարբերաբար ընտրվել է Ազգային ժողովի երեսփոխան և մի շարք տարիներ ղեկավարել է նրա նիստերը, հանդես բերելով ազգային հոգսերի համար հանգանակություն կազմակերպելու, աղքատ երեխաներին ձրի պարտադիր կրթություն տալու, կանանց հասարակական վիճակը բարելավելու և այլ կարևոր հարցերի քննարկման նախաձեռնություն։ Նրա մտորումները, արևմտահայ ազգային-հասարակական տրամադրությունները, ժամանակավոր խանդավառությունն ու դառն հուսախաբությունը արտացոլվել են բանաստեղծություններում («Պատանին և արտուտիկը», «Ծիծառնիկ» և այլն)։ Նրան է վերագրվում նաև «Կիլիկիա» հանրահայտ երգի ստեղծումը։ Եվրոպական առաջադեմ գրականությունը հայ միջավայրում տարածելու նպատակով կատարել է բազմաթիվ թարգմանություններ ֆրանսերենից։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է փիլիսոփայությամբ։ Կայսերական բժշկական ուսումնարանում նա դասավանդել է փիլիսոփայություն և բժշկական դեոնտոլոգիա, որի ընթացքում մշակած իր ուսմունքը շարադրել է «Դասագիրք փիլիսաիայության հետևողությամբ լավագույն հեղինակաց ընտրողական դպրոցի» խորագրով աշխատությունում (ֆրանսերեն՝ 1876թ., հայերեն՝ 1879թ.)։ Հետևելով Վ.Կուզենին՝ էմպիրիզմի ու ռացիոնալիզմի միակողմանիություններից ելք է փնտրել Կանտի ու Հեգելի ուսմունքներից բանաքաղած առանձին գաղափարների արհեստական համադրման մեջ։ Փիլիսոփայությունը, ըստ նրա, գիտություն է մարդկային բանականության մասին, որը մարդուն բարոյական կատարելության է հասցնում՝ ուղղելով նրա միտքը դեպի ճշմարիտը, բարին և գեղեցիկը։ Քանի որ փիլիսոփայության բուն իմացական նպատակը մարդու հոգեկան կամ մտավոր աշխարհի բանական ճանաչումն է, այն պետք է սկսվի մարդու հոգեկան բովանդակության վերլուծությունից։ Ինքնազննման շնորհիվ բացահայտվող հոգեկան աշխարհը բաղկացած է երեք բացարձակ սկզբունքներից՝ անհուն գեղեցիկից, անհուն ճշմարիտից և անհուն բարուց։ Թեև սրանք սերտորեն միահյուսված են, սակայն ճանաչողությանը ներկայանում են առանձին-առանձին։ Ուստի ճանաչողությունը, որը նույնպես հոգեկան երևույթ է, հոգու կարողություն, պետք է իրագործվի այդ երեք բացարձակ սկզբունքներին համապատասխան ձևերի մեջ։ Դրանք են՝ զգայությունը կամ զգայական կարողությունը, իմացականությունը կամ խորհելու կարողությունը և կամքը կամ գործելու կարողությունը։ Հոգու զգայական կարողությունը բացահայտվում է գեղագիտության մեջ, իմացականը՝ տրամաբանության մեջ և գործելունը՝ բարոյագիտության մեջ։ Հետևաբար, գեղագիտությունը, տրամաբանությունը և բարոյագիտությունը հոգու ճանաչողական համապատասխան կարողությունների գործնական դրսևորումներն են կամ երեք բացարձակ սկզբունքներով պարփակված հոգու ինքնիմացության երեք միջոցները։ Սա հիշեցնում է Կանտի իմացական կարողությունների ուսմունքը, սակայն ի հակադրություն դրա, հեղինակի նպատակն է եղել ագնոստիցիզմի հիմնավոր հերքումը։ Բարձր է գնահատել փիլիսոփայության հասարակական ղերը։ Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար