ԿԱՐԱՊԵՏ ՍԻՏԱԼ

Բանաստեղծ, լրագրող

6 օգոստոս, 1891 - 26 մայիս, 1972

Կարապետ Շահինյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Շատախի գավառի Կաճետ կամ Կաշտ գյուղում։ 1895-96թթ հայկական կոտորածների ժամանակ Շահինյանների ընտանիքը տեղափոխվել է Վան։ Ծնողներից զրկվելով՝ ապաստանել է ամերիկյան որբանոցում։ 1907թ. ավարտել է Վանի ամերիկյան բարձրագույն վարժարանը, 1910թ.՝ Թավրիզի ամերիկյան քոլեջը։ Վերադառնալով Վան՝ նվիրվել է ուսուցչության։ 1911թ., Հովհաննես Ավագյանի և Սպիրիդոն Ժամկոչյանի հետ հիմնել ու խմբագրել է «Վան-Տոսպ» պարբերականը։ 1914թ., խուսափելով թուրքական զինվորագրությունից, մեկնել է ԱՄՆ, հաստատվել Ֆիլադելֆիայում, որտեղ հետևել է Պենսիլվանիայի համալսարանի գրականության և գեղարվեստի դասընթացներին։ Իր հիմնադրած տպարանում, որը գործել է շուրջ 40 տարի, 1923-24թթ լույս է ընծայել «Հորիզոն» գրական, գիտական, հասարակական շաբաթաթերթը (խմբագրել է Փ.Մինասյանի և Հ.Հովսեփյանի հետ)։ Եղել է «Խորհրդային Հայաստանի տեխնիկական օգնության», «Հայաստանի օգնության կոմիտեի» (ՀՕԿ) և այլ միությունների անդամ։ Կյանքի վերջին տարիներին եղել է Ամերիկահայ առաջադիմական միության պատվո նախագահը։ Քանիցս այցելել է Հայաստան, որտեղ նշվել են նրա գրական-հասարակական գործունեության 40, 50, 60-ամյակները։ Առաջին ստեղծագործությունները լույս են տեսել «Առավոտ», «Զանգ» (Թավրիզ), «Վան-Տոսպ» (Վան) պարբերականներում (1910-ական թթ)։ Նրա «Գուսաներգեր» (1919թ.), «Կարավանի ետևեն» (1922թ.) գրքերը պարունակում են հայկական ժողովրդական ավանդավեպերի մշակումներ՝ «Ոսկե խոտը», «Արևամարդը», «Մհեր», «Ծամթել» և այլն։ «Գիշերեն մինչև լուսաբաց» (1931թ.) ժողովածուում բանաստեղծությունների շարքեր է նվիրել Հայաստանին։ Գրել է նաև «Գյուղն իմ հեռավոր» (1936թ.) պոեմը, «Սասնա ծռեր» (1939թ.) դյուցազներգությունը, գրական մշակման ենթարկել «Կաշտի քաջեր» (1942թ.) վիպերգը։ «Հազարան բլբուլ»-ը (1946թ.)՝ հայկական նույնանուն հեքիաթի, իսկ «Հովիվ Ազոն» (1954թ.)՝ քրդական «Ների Բալո» վիպերգի մշակումն են։ Հեղինակել է նաև հրապարակախոսական երկեր («Տեսա մեր երկրի արևածագը», 1948թ., «Հայաստանի լուսափառ արևածագը և Վրացյանի մարող ձեթի ճրագը», 1949թ., «Արևածագ և առավոտ», 1957թ., «Նոր հորիզոններ», 1959թ.), որոնցում նոթագրել է Հայաստանից ստացած տպավորությունները։ Մահացել է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար