ԵՐՎԱՆԴ ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմաբան, արևելագետ

13 սեպտեմբեր, 1913 - 17 մարտ, 2010

Ծնվել է Հայաստանի Բռնակոթ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): Միջնակարգ կրթությունն ստացել է Բաքվում: 1939թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) համալսարանի պատմության ֆակուլտետը, 1942թ.՝ ԽՍՀՄ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Վերադառնալով Հայաստան՝ աշխատանքի է անցել Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես Թուրքիայի գծով պատասխանատու աշխատակից։ Այդ շրջանում նա գործուն մասնակցություն է ունեցել Հայկական հարցի եւ Թուրքիայի հակահայկական հանցավոր քաղաքականությանը վերաբերող մի շարք կարևոր զեկուցագրերի պատրաստման աշխատանքներին։ Այդ զեկուցագրերն ուղարկվում էին Մոսկվա և օգտագործվում Թուրքիայի նկատմամբ 1945-46թթ ԽՍՀՄ քաղաքականությունը մշակելու նպատակով։ Մասնավորապես, վերջերս հրատարակված դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուում զետեղված է նրա կազմած հույժ գաղտնի տեղեկանքը Կարսի և Արդահանի շրջաններում թուրքական իշխանությունների կողմից 1918թ. անցկացված «հանրաքվեի» արդյունքների և նպատակների վերաբերյալ, որտեղ համոզիչ ցույց են տրված կեղծիքներն ու խարդախությունները, որոնք իրականացրել են այդ «հանրաքվեի» կազմակերպիչները: 1942թ-ից աշխատել է նաև ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում, որտեղ 1958թ-ից եղել է թուրքագիտության բաժնի վարիչը։ Հայաստանի բուհերում դասավանդել է Թուրքիայի, Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմություն։ Նրա ուսումնասիրությունները վերաբերում են Օսմանյան կայսրության, Թուրքիայի հանրապետության հասարակական-տնտեսական հարաբերություններին, ներքին և արտաքին քաղաքականությանը, քեմալական շարժմանը, ժամանակակից թուրքական պատմագրության խնդիրներին, Արևմտյան Հայաստանի հասարակական-տնտեսական դրությանը։ Մասնակցել է ԽՍՀՄ ԳԱ մի շարք խմբային աշխատությունների («Թուրքիայի նորագույն պատմություն», 1968թ., և այլն) և ՀՀ ԳԱ հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» (հ.6) բազմահատորյակի ստեղծմանը։ Նրա «Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ» (1963թ., հեղինակակից՝ Ռ.Սահակյան) աշխատությունը հրատարակվել է (1965թ., անգլերեն) ԱՄՆ-ում։ 1963թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1965թ-ից՝ պրոֆեսոր)։ «Օսմանյան կայսրության նվաճողական քաղաքականությունն Անդրկովկասում առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում» (1962թ., ռուսերեն) աշխատության մեջ բացահայտել է պանիսլամիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսության նվաճողական էությունը, նշել, որ այդ աշխարհըմբռնումը դարձել է երիտթուրքերի արտաքին քաղաքականության հիմքը, վերլուծել է Օսմանյան կայսրության հետ պատերազմի մեջ մտնելու պատճառները և զավթողական ծրագրերը, որոնցով պայմանավորված էր թուրքերի իրագործած հայերի ցեղասպանությունը (1915թ.)։ Միաժամանակ լուսաբանել է 1918թ. թուրքական արշավանքը Այսրկովկաս և հայ ժողովրդի պայքարը թուրք զավթիչների դեմ։ «Օսմանյան կառավարության քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում և տերությունները 19-րդ դարի վերջին քառորդին և 20-րդ դարի սկզբին» (1972թ., ոուսերեն) աշխատության մեջ Օսմանյան կայսրության կառավարող շրջանների հասարակական-տնտեսական և ագգային քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում դիտել է միջազգային հարաբերությունների համապատկերի վրա, ցույց տվել մեծ տերությունների քաղաքական և տնտեսական շահերը Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում։ 1990-ականների կեսերին տեղափոխվել է ԱՄՆ: Մահացել է Լոս Անջելեսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար