ՏՐԴԱՏ ՊԱԼՅԱՆ

Բանասեր, մատենագետ, բանահավաք

21 սեպտեմբեր, 1850 - 2 հուլիս, 1923

Ծնվել է Կեսարիայի Թալաս բնակավայրում (այժմ՝ Թուրքիայում): Հայտնի է եղել նաև «Կապետ» անունով: Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Զմյուռնիա, սովորել Ներսիսյան նախավարժարանում։ Ավարտելուց հետո անցել է Երուսաղեմ, ընդունել հոգևորական կարգ, օծվել վարդապետ։ 1884-87թթ եղել է տեղի Սբ. Հակոբյանց վանքի ավագ թարգմանիչը։ 1887թ. ընտրվել է Կեսարիայի թեմի առաջնորդ։ Կեսարիայի Սբ. Կարապետ վանքում 1888թ. բացել է Ժառանգավորաց վարժարան, որը գործել է մինչև 1915թ.։ Այն դարձել է Կեսարիայի և շրջակայքի հայության կրթական և մշակութային կենտրոնը։ Վարժարանին կից հիմնել է գրադարան-թանգարան, որտեղ հավաքել է հայ հին ձեռագրեր, հնատիպեր, այլ գրականություն, հին իրեր։ Շրջել է Փոքր Ասիայի, Կիլիկիայի, Պաղեստինի հայաբնակ վայրերը, գրի առել հայ ժողթվրդական բանահյուսության նմուշներ։ 1910թ. հրաժարվել է առաջնորդի պաշտոնից, տեղափոխվել նախ Երուսաղեմ, ապա՝ Մաղնիսա (Զմյուռնիայի մոտ)։ 1922թ. սեպտեմբերյան հալածանքների ու ջարդերի ժամանակ Զմյուռնիայում բռնագրավել են նրա անտիպ գործերը, հին ձեռագրերը, գրականությունը, իրերը։ Գաղթականության հետ փախել է Աթենք։ 1900-ական թվականների սկզբներից թղթակցել է «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Բյուզանդիոն», «Լույս», «Բանասեր», «Արևելյան մամուլ», «Բյուրակն» պարբերականներին՝ հրապարակել բանասիրական հոդվածներ, ձեռագրացուցակներ, մատենագիտական ցանկեր, նյութեր հայոց եկեղեցիների մասին և այլն։ Հայտնաբերել է մի շարք հայ հնատիպ գրքեր և հրապարակել դրանց ցուցակները, կարևոր դեր կատարել Հակոբ Մեղապարտի հրատարակությունների ժամանակը որոշելու գործում։ Առանձին գրքերով հրատարակված ուսումնասիրություններից են՝ «Սուրբ երկիր» (հ.1, 1892թ.), «Ցուցակ հայերեն ձեռագրաց ի Թուրքիա» (հ.1, տետր 1-2, 1892-93թթ), «Հայ աշուղներ, Զմյուռնիա» (հ.1-2, 1911-12թթ), «Հայ վանօրայք ի Թուրքիա. մասն Ա.Գաղատիոյ, Սեբաստիոյ և Տրապիզօնի կուսակալութեան մէջ եղած վանօրայք» (1914թ.)։ Մահացել է Աթենքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար